«Ադրբեջանի հետ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզի հիման վրա սահմանագծման և սահմանազատման գործընթացը հայոց պետականության համար կործանարար ու հայության ֆիզիկական գոյության համար վտանգավոր է»,- Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի («5165» շարժում, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն) հրավիրած շտապ հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Նա մանրամասն ներկայացրեց այն պատճառները, որոնց հիման վրա նման եզրահանգման են եկել. «Նման փաստաթղթի ստորագրման դեպքում մենք համաձայնություն ենք տալիս Արցախի՝ Ադրբեջանի անքակտելի մասը դառնալուն: Այս փաստաթղթով մեր ռազմավարական կոմունիկացիաները հանձնում ենք Ադրբեջանի հսկողությանը՝ Արցախի ժողովրդի ինքնավարության իրավունքը ոտնահարելով: Սահմանագծման ու սահմանազատման այս գաղտնի գործընթացը ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցք բացելու գործընթացի բաղկացուցիչ մասն է»:
Կարդացեք նաև
Մենուա Սողոմոնյանը վստահեցրեց՝ երբ մենք համաձայնում ենք, որ հիմա՝ քանի դեռ չի կարգավորվել Արցախի հիմնահարցը, սահման գծվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա ընդունում ենք նաև, որ ՀՀ-ն Արցախի հետ չի ունենում ընդհանուր սահման կամ որ ՀՀ արևելյան սահմանին հարող ցանկացած միավոր փաստորեն Ադրբեջան է: Այնուհետև շարունակեց. «Եթե մենք չենք ճանաչել Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, դրա համար սկսել ենք 1988-ի շարժումը, այսօր ի՞նչ իրավունքով պիտի համաձայնենք ճանաչել Ադրբեջանի հետ սահմանը, երբ չի լուծվել արցախյան հիմնահարցը: Ուստի մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գծումն ու սահմանազատումը պիտի լինի արցախյան հարցի կարգավորման համատեքստում ՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը և հուսալի աշխարհագրական կապը ՀՀ-ի հետ»:
Մենուա Սողոմոնյանը ահազանգեց՝ այս գաղտնի գործընթացը փաստորեն նախատեսում է, որ ՀՀ-ի հյուսիս-արևելքով անցնող միջպետական ճանապարհի՝ Ոսկեպար- Բաղանիս հատվածն անցնում է Ադրբեջանին ու նշեց. «Ադրբեջանը հսկողություն է ստանում նաև հարավային ուղղության վրա՝ Արարատի մարզի Տիգրանաշենի հատվածը վերցնելով իր ձեռքը: ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը նույնքան գաղտնի են արվում, որքան նոյեմբերի 9-ի հայտարարությունն արվեց»:
Նա նաև շեշտեց՝ չպետք է տրվել իշխանության տարածած այն թեզին, իբր Մոսկվան է ստիպում իշխանություններին միջանցք բացել ու ասաց. «Իշխանությունների տարածած թեզերին չպետք է տրվել, որոնք իրենց իսկ բառապաշարով ասած՝ մի կողմից լիզում են ռուսական սապոգը, մյուս կողմից տերեր փնտրելու վերաբերյալ ուղերձներ փոխանցում»:
Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե բացառվում է ՀՀ տարածքով միջանցքի բացումը, եթե ՀՀ-ն դա չի ուզում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ