Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարիզում կայացել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

Մայիս 22,2021 20:01

Մայիսի 22-ին տոնում ենք մեծանուն արտիստ, բարերար, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձը։

Շառլ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի, երգի և ֆրանսերեն լեզվի դեսպանն է ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործական ուղին սկսվեց Ֆրանսիայում, սակայն նրա հռչակն այդուհետ տարածվեց երկրի սահմաններից դուրս, և ամենահեղինակավոր համերգասրահները հոտնկայս ծափահարեցին նրան: Հայաստանում 1988-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը ծավալեց նաև մարդասիրական գործունեություն. այդուհետ նրա բարեգործական ծրագրերը տարածվեցին Ճապոնիայից մինչև Հայիթի և ընդգրկեցին հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Ի նշանավորումն լեգենդար արտիստի 97-ամյա տարեդարձի՝ «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

Արձանի ընտրության վայրը պատահական չէ. այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Հայրս իր համեստ բնավորության և տաղանդի շնորհիվ դարձել է ֆրանսիական երգի և մշակույթի խորհրդանիշն ամբողջ աշխարհում: Այսօր մենք ուրախ ենք մասնակցել նրա կիսանդրու բացման արարողությանը Փարիզի Մսյո լը Պղենս փողոցին հարող այս հրապարակում: Որպես «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Իդալգոյին, պարոն Լըկոքին և Փարիզի քաղաքապետարանին՝ աջակցության և այս միջոցառումը կազմակերպելու համար:

Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզեցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», – իր ելույթում նշել է Նիկոլա Ազնավուրը:

«Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»…Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ… Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է։

Սիրելի՛ բարեկամներ, սա կարևոր օր է, և ինձ համար մեծ երջանկություն է ներկա գտնվել Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը։ Ամեն անգամ մեծ հուզմունքով ենք հավաքվում՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստին»,- իր ելույթում նշեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամներն ու ընկերները, Ֆրանսիացի գործիչներ և արտիստներ:

 

«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31