Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ միասնական կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Մայիս 22,2021 19:42

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը այսօր կուսակցության 9-րդ համագումարում հայտարարեց, որ իրենք օրերս հուշագիր են ստորագրել Տիգրան Արզաքանցյան հիմնադրամի ու նրա գործընկերների հետ եւ պատրաստվում են միասնական մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

 

Այնուհետեւ Արամ Սարգսյանը հաշվետվությամբ հանդես գալու փոխարեն ելույթ ունեցավ զեկույցով, ներկայացրեց բոլոր այն հարցադրումները, որ իրենք պատրաստվում են ներկայացնել նաեւ հանրությանը: Դրանք վերաբերում են երկրում տիրող քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից խորը ճգնաժամին, «որոնցից դուրս գալու ուղիները երեւի թե արդեն պետք է ազգովի լուծվեն, որովհետեւ այլեւս ոչ մի քաղաքական ուժ, առավել եւս՝ այսօրվա իշխանությունը այդ հարցերը չի կարողանում կարգավորել»,-ասաց նա եւ ներկայացրեց վիճակը շտկելու շուրջ իրենց պատկերացումները:

Մտքերի փոխանակության ժամանակ ՀԴԿ փոխնախագահ Ժասմին Ղեւոնդյանը նշելով, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Հայաստանի տարածքները չեն դադարում նեղանալ, իսկ Ադրբեջանի հետ սահմանները երկարել, ասաց. «Այսօր առավել քան պատկերավոր է, թե ինչ էր նշանակում, երբ ասում էինք, որ Արցախը Հայաստանի դարպասն է: Մեր երկրի դարպասներն արդեն Սյունիքում են, ու թշնամին մտնում է դարպասներից ներս:

Ի՞նչ կարող էինք անել այս ուղղությամբ, Արցախի խնդրով, ի՞նչ չարվեց եւ պատճառ դարձավ մերօրյա իրողության: ՀԴԿ-ն միշտ էլ քաղաքական մեծ ակտիվություն է ցուցաբերել Արցախի հարցում: Արդեն 20 տարուց ավելի է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի իրավական փաթեթը՝ ստեղծված ՀԴԿ ջանքերով, որը արխիվային փաստաթղթերով ներկայացնում է 1921 թվականից սկսած Ղարաբաղի անօրեն հանձնումը Ադրբեջանին ու հասնում 1990 թվականին, երբ Արցախը այդ նույն թվականի ապրիլի 3-ին սովետական օրենքի հիման վրա դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Այդ օրենքի 3-րդ հոդվածը թույլ էր տալիս սովետմիությունից դուրս եկող հանրապետության ինքնավար միավորումներին առանձին-առանձին անցկացնել հանրաքվե եւ որոշել իրենց պետաիրավական կարգավիճակը:

Համոզված եմ, որ նույնիսկ բոլոր ժամանակների հայ իշխանություններից շատ քչերը գիտեն, որ գոյություն ունի սովետական տարիներին 1977 թվականի նոյեմբերի 20-ի Մինիստրների խորհրդի եզրակացությունը, որով փաստվում է, որ «Պետք է Լեռնային Ղարաբաղը, հայերեն՝ Արցախ, փոխանցել Հայկական ԽՍՀ-ի կազմ: Եվ այդ ժամանակ ամեն բան իր օրինական տեղը կընկնի»:

Տիկին Ղեւոնդյանը հայտարարեց, որ 25 տարի իրենք մշտապես բախել են բոլոր նախագահների, վարչապետների դռները, հորդորել՝ հիմք ընդունել այդ փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31