Դիլիջանի մարզադպրոցում այսօր Արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի hուշամրցաշար է անցկացվել։
Մարզադպրոցի տնօրեն Գարիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մրցումներին մասնակցել են պատանեկան տարիքային խմբի մոտ 200 ըմբշամարտիկներ Երևանից, Դիլիջանից, Ստեփանավանից, Հոկտեմբերյանից և այլ քաղաքներից.
«Երեխաները մեծ ոգևորվածությամբ են մասնակցում մրցումներին, չնայած տարեկան մի քանի անգամ մենք կազմակերպում են մրցաշարեր, սակայն սա նաև առանձնահատուկ է իր նշանակությամբ, քանի որ այս անգամ մրցույթի հաղթողներն ու մասնակիցներն իրենց մասնակցությամբ նպատակ ունեն հարգել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը»։
Կարդացեք նաև
Բաղդասարյանի խոսքով՝ չնայած մարզադպրոցը ունի մի շարք շենքային և տեխնիկական խնդիրներ, սակայն ամեն տարի սեփական միջոցներով կազմակերպվում է մրցաշարեր ոչ միայն Դիլիջանի, այլ ամբողջ Հայաստանի մարզիկների մասնակցությամբ.
«Չնայած դպրոցն ունի շենքային և տեխնիկական կարիքներ, սակայն հուսով ենք՝ ժամանակին ամեն ինչ կկարգավորվի։ Հաշվի առնելով երկրի ծանր վիճակը՝ մենք չենք բողոքում և փորձում ենք եղած միջոցներով անգամ անել հնարավորինս երեխաների մոտ սպորտի հանդեպ սերը մեծացնելու համար»։
Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին դպրոցում մարզվում են մոտ 200 երեխա՝ չորս մարզաձևերով.« Շատ կցանկանայինք ավելացնել սպորտաձևերի քանակը, սակայն ունենք մասնագետների խնդիր։ Այս պահին փորձում ենք այնպես անել, որ աղջիկները ևս լինեն ներգրավված սպորտում։ Առաջին հերթին աղջիկների ֆուտբոլն ենք ուզում զարգացնել, սակայն այս հարցում ևս ունենք մասնագետների խնդիր»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ