Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հախվերդյանն է համաձայնել լինել մեր ցուցակում, Ներսես Զեյնալվանդյանը, Արմինե Փարսադանյանը, ես եմ ամենայն հավանականությամբ լինելու ցուցակում». Տիգրան Խզմալյան

Մայիս 22,2021 18:17

«Մենք համագումարով ընդունեցինք որոշում, որ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

Նա հայտնեց՝ վերընտրել են կուսակցության վարչության կազմը: Տիգրան Խզմալյանը երրորդ և վերջին անգամ ընտրվել է կուսակցության նախագահ:

Հարցին ՝ միայնա՞կ, թե դաշինքով են մասնակցելու ընտրություններին, նա պատասխանեց. «Առայժմ վերջնական որոշում չկա, բայց դեռևս այն տեսակետն է իշխում, որ մենք միայնակ ենք գնում ընտրությունների»:

Հետաքրքրվեցինք՝ նախընտրական վերջնական ցուցակը կազմե՞լ են, ովքե՞ր են ցուցակի տասնյակում, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Վերջնական ցուցակի առաջին տասնյակի կազմը թողել ենք վարչության որոշմանը: Մենք կսպասենք. մայիսի 27-ին կհայտնենք մեր վերջնական ցուցակը: Ռուբեն Հախվերդյանն է համաձայնել լինել մեր ցուցակում, Ներսես Զեյնալվանդյանը, Արմինե Փարսադանյանը, ես եմ ամենայն հավանականությամբ լինելու ցուցակում»:

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք միայնակ մասնակցել ընտրություններին, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Մեզ համար սկզբունքորեն կարևոր է մասնակցել ընտրություններին, որպեսզի ընտրություններին մասնակցի քաղաքական ուժ, որը հանդես է գալիս այս արժեքներով, այս տեսակետից: Մենք վստահ ենք՝ պարտավոր ենք գործընկեր մնալ մեր արևմտյան դաշնակիցների համար, իսկ դաշտում գտնվողների սկզբունքները՝ հատկապես Բևեռինը, որի հետ երկու տարի համագործակցում էինք, միշտ չէ, որ վստահություն է ներշնչում մասնակցելու հարցում: Իրենք առ այսօր ասում են՝ եթե հավաքվի բավականաչափ մարդ, մենք կարող ենք գնալ այլ ճանապարհով: Միգուցե ինձ մոտ նման տպավորություն է, համենայն դեպս, ես չէի ցանկացա, որ ժողովրդի ուժերի մասնակցությունը հարցականի  տակ դրվեր որևէ ուժի կողմից: Մենք մեր մասնակցությամբ ուզում ենք երաշխավորել, որ ժողովրդավարական ուժեր կմասնակցեն: Մեզնից բացի կան այլ կուսակցություններ: Այս և այլ նկատառումներով  կուսակցությունը որոշեց գնալ միայնակ և պահպանել իր ուրույն, հստակ քաղաքական գիծը այն է՝ ռուս-թուրքական դաշինքից դուրս գալ, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրացիա, լիարժեք եվրաինտեգրացիա: Մենք չենք տեսնում մյուս քաղաքական ուժերի մոտ հստակ այդպիսի դիրքորոշում: Եվ ստիպված ենք պաշտպանել մեր տեսակետը թեկուզ միայնակ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործիքակազմ կա, որի միջոցով քաղաքական ուժերը կարող են կանխել Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խնդրահարույց փաստաթղթի ստորագրումը, նա պատասխանեց. «Որպես վերջին պատերազմի մասնակից՝ շարքային կամավոր զինվոր, համարում եմ, որ պարտվեցինք իրական դաշնակիցներ չունենալու պատճառով, ինչպես նաև իրական դաշնակիցների առաջարկվող օգնության մերժման պատճառով: Այն, ինչ կատարվում է մեր սահմաններին, պատերազմի շարունակությունն է. դա հիբրիդային պատերազմ է: Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակում է հասնել իր քաղաքական նպատակներին: Եթե մենք կրկնենք նույն սխալը կամ դավաճանությունը, որը կատարեց ՀՀ իշխանությունը պատերազմի օրերին, փորձենք մնալ այն չակերտավոր դաշինքում, որը ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ -ն է, հրաժարվենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի աջակցությունից կամ չդիմենք իրենց ինքնուրույն, ապա մենք երաշխավորելու ենք նոր պարտություն: Այնինչ մենք հաղթելու ենք, շատ բան վերադարձնելու մեր կորսվածից, եթե կտրուկ փոխենք ռազմաքաղաքական դաշինքը, ՀՀ-ի աշխարհաքաղաքական և քաղաքական ուղղվածությունը»:

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ միայնակ կամավորական ջոկատների ուժերով մենք չենք կարող երկուսուկես կայսրություններից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և ջիհադական վարձկաններից պաշտպանվել ու պարզաբանեց. «Կար ժամ, երբ ֆիդայական շարժումն անհրաժեշտ և բավարար էր, հիմա մեր դեմ գործում է շատ ավելի հզոր կոալիցիա, և այդ համակարգի դեմ պետք է բերել ուրիշ համակարգ, որը նրանից ավելի հզոր է: Ուրիշ առաջարկներ ուսումնասիրում ենք, բայց համարում՝  համոզիչ չեն: Դեմագոգիային և անպատասխանատու ամբոխավարական ջղաձգումներին մենք չենք դիմելու երբեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31