«Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն անվրդով է նստած իր աթոռին: Ակնհայտ է, որ ընդդիմության գործողությունները որոշակի արդյունքներ տալիս են»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից անցկացվող «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման հրապարակային հատվածի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա համոզմամբ՝ ՀՀ կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ ստորագրվելիք պայմանագրի դեմ բողոքի ցույցը պատճառ դարձավ, որ երեկ ԱԳՆ-ն հայանպաստ հայտարարությամբ հանդես գա:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ եթե ՀՀ-ում չկա հասարակական լայն դժգոհություն, ապա միջազգային փորձագետները մեկնաբանում են, որ ՀՀ հասարակությունը կողմ է տեղի ունեցողին:
Խոսելով գործող իշխանությունների մասին՝ նա ասաց. «Ակնհայտ է, որ այս վարչախումբը չի կարող հետ պտտել պատմության անիվը: Այն պտտվում է ի վնաս իրենց: Ուղղակի յուրաքանչյուր օր մեր գլխին բերում են նոր պատուհասներ, նոր անվտանգային սպառնալիքներ: Մենք չունենք նաև այն դերասանական հակումները, որն ունի այդ անձը: Չենք կարողանում անպատասխանատու կերպով վերաբերվել մեր հասարակությանը: Մենք աշխատում ենք լինել պետական, ազգային գործիչներ, չենք կարող հասարակությանը խաբել»:
Կարդացեք նաև
Վարդան Ոսկանյանը նաև ցավով նշեց՝ այժմ մեզ համար տարածքային ամբողջականության մասին խոսելը դարձել է հաճելի, քանի որ խոսքը ՀՀ տարածքային ամբողջականության մասին է ու ամփոփեց. «Նիկոլ Փաշինյանը բերեց նրան, որ Ադրբեջանի չակերտավոր տարածքային ամբողջականության խնդրից մենք հասել ենք ՀՀ տարածքային ամբողջականության իրական խնդրին»:
Նա այս կառավարությունը համարեց ամենաստվերայինը, ամենաոչթափանցիկը: Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ասաց. «Բաքվի բռնապետը շփոթել է հայաստանյան հասարակությանը և Հայաստանի ազգային ուժերին՝ տեսնելով իր դիմաց ակնհայտ կապիտուլյանտի: ՀՀ բնակչությունը երբեք չի պարտվել: Արցախյան խնդրի հայանպաստ լուծումը պետք է շաղկապված լինի Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի հետ: Մինչև չունենանք արցախյան խնդրի լուծում՝ դեօկուպացիա, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ