«Ադրբեջանը խնդիրը նպատակաուղղված տեղափոխել է ՀՀ սահմաններ: Եվ վերջին շրջանում Արցախում որոշակի ադրբեջանական ակտիվությունը շատ քիչ քննարկման առարկա է դառնում»,-«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից անցկացվող «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա այս առիթով մանրամասնեց. «Արցախում ստեղծված իրավիճակը ցավալիորեն հատկապես ՀՀ-ում ծավալվող վերջին իրադարձություններից հետո կարծես երկրորդ պլան է մղվել. մեծ թվով խնդիրներ, որոնք պետք է լուծվեն նաև ՀՀ աջակցությամբ, իրականում տեղի չեն ունենում:
Նա նշեց, որ խնդիրներ ունենք նաև այն փաստի հետ կապված, որ ՀՀ-ից դեպի Արցախ զորակոչի դադարեցման պայմաններում որևէ լուրջ այլընտրանք չի առաջադրվել. «Արցախում պաշտպանությունն այսօր իրականացվում է ներքին ռեսուրսների հաշվին: Ակնհայտ է, որ դա բավարար չէ և նաև բոլորիս համար հասկանալի է, որ միայն Արցախի ներքին ռեսուրսներով հնարավոր չէ, առանց ՀՀ գործուն աջակցության անհնար է հասնել անվտանգային այն երաշխիքներին, որը մեզ հնարավորություն է տալիս ապահովել անվտանգություն Արցախում ապրող բնակիչների համար: Ռուսական զորախումբն այսօր իր խնդիրն իրականացնում է, սակայն ո՛չ ռուսական խաղաղապահների առկայությունը, ո՛չ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայությունը մեզ որևէ ձևով չեն կարող հետ պահել մարտունակ զինված ուժերի առկայությունից, ցանկացած խնդրում տարբեր ժամանակային կտրվածքով մեր բոլոր պլանավորումներում պետք է առանցքային նշանակություն ունենան ՀՀ զինված ուժերը»:
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանը նաև փաստեց. «Շփման գծում շարունակում են ծառայություն իրականացնել՝ նույնիսկ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ՊԲ զինծառայողները և ադրբեջանցիները: Այս պարագայում տարբեր սադրանքների հավանականությունը, հետագայում հնարավոր լարման իրավիճակները ցույց են տալիս՝ հասկանալի է, որ խնդիրները շատ ավելի մեծ կարող են լինել»:
Անդրադառնալով Հայաստանի՝ հատկապես հարավում ստեղծված իրավիճակին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Մենք քննարկում ենք Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի հյուսիսային հատվածներում իրավիճակը: Պետք է գիտակցել, որ հետպատերազմական իրողությունների պայմաններում այսօր Սյունիքում՝ հատկապես Գորիս- Կապան, Կապան-Ճակատեն, Շիկահող հատվածներում բավականին անբարենպաստ իրավիճակ է: Չնայած միջադեպերն այս պահին հաճախակի բնույթ չեն կրում, բայց ցանկացած պահի իրավիճակի փոփոխություններից ելնելով բավականին մեծ ռիսկեր են առաջացնելու: Այն մարդիկ, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում երթևեկել են այդ հատվածներով, իսկ դրանք տարբեր տեղերում ադրբեջանական ուղեկալների վերահսկողության ներքո մայրուղիներ են, տասնյակ կիլոմետրեր կազմող հատվածներ, որոնք գտնվում են ադրբեջանական հենակետերի մատույցներում, կվկայեն դրա մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ