«Արդեն ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի հարավային և արևելյան սահմանային հատվածները բախվել են տարածքային ամբողջականության, մեր սահմաններում բնակվող բնակիչների հետագա բնականոն կյանքի, գործունեության ուղիղ սպառնալիքներին և մարտահրավերներին»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից անցկացվող «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ անհրաժեշտ են լինելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ անվտանգային գործողություններ, այլ իրադարձությունների փոփոխության պարագայում մեր անվտանգության ռազմավարության տեքստի փոփոխություն, դրա՝ գրեթե արմատական վերանայումների անհրաժեշտություն:
Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց զինված ուժերի վերակազմավորումը, այլընտրանքային ծառայության տեսակների ներգրավումը: Ու շեշտեց. «Ներքին անվտանգության տեսանկյունից ևս ունենք խնդիրներ՝ սկսած արժեքային դաշտից, քարոզչական,տեղեկատվական, կիբերանվտանգության ապահովումից մինչև պաշտպանության, կանխարգելման մեխանիզմներին և միջոցներին պետության ու նրա զինված ուժերին պատրաստելը: Շատ անհրաժեշտություն է առաջացել արդեն ԱԱԾ սահմանապահ ծառայության և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մոբիլ գործունեությանը մեծ ուշադրություն դարձնելը, հակաահաբեկչական գործողությունները, հատկապես սահմանամերձ շրջաններում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ