Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին չպետք է թողնեն մենակ՝ կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա

Մայիս 22,2021 14:35

«Հարավային Կովկասը ակնհայտորեն մեծ առաջնահերթություն չէ Բայդենի վարչակազմի համար»,- հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի ընթացքում ասաց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։ 

Նա նշեց, որ ԱՄՆ-ի արտաքին օրակարգի հետ կապված խոշորագույն հարցը լինելու է Չինաստանը և կլիմայի փոփոխությունը. «Ըստ իս, արդեն իսկ տեսնում ենք խնդիրներ՝ պայմանավորված քիչ ներգրավվածությամբ, օրինակ, այն փաստը, որ Միացյալ Նահանգները այլևս չունի մեծ դեր ղարաբաղյան հակամարտության հարցում։ Հույս ունեմ՝ տեսնել ավելի շատ ներգրավվածություն, բայց բավական բարդ հանգամանքներում»։

Թոմաս դե Վաալը կարծում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը Հայաստանին չպետք է թողնեն մենակ՝ կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա. «Այլ՝ խրախուսել, կառուցել կամուրջներ, նայել ապագային, Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում, նայել Ադրբեջանի հետ քաղաքական համաձայնության գալուն, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում։ Կենտրոնանալ, օրինակ, Վրաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու հարցում՝ ենթակառուցվածքներ կառուցելու, Վրաստանի հետ տարածաշրջանային գործակցության վրա։ Չկենտրոնանալ պարզապես իր առօրյա ներպետական հարցերի վրա, այլ ուշադրություն դարձնել հարևաններին, թե ինչ կարող է Հայաստանը դեռ առաջարկել։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, թե որքան կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար, բայց կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ Հայաստանը ցանկանում է կառուցել այլ հարաբերություններ ևս, և դա լավ է»։

Նա համարում է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կարելի է դասել նույն շարքին. «Ադրբեջանը անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին տարբեր պատճառներով՝ էներգետիկ, անվտանգային ոլորտների գործակցություն։ Բայց ակնհայտորեն Ադրբեջանում շատ խնդիրներ կան ժողովրդավարության հետ կապված, և Միացյալ Նահանգները բարձրաձայնում է այս խնդիրները։ Բայց չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մերժել Ադրբեջանին՝ որպես երկիր կամ դադարել աշխատել Ադրբեջանի հետ, այլ պարզապես գիտի, որ կան բազմաթիվ դժվար հարցեր։ Ըստ իս, Միացյալ Նահանգները շատ զգույշ կգործի 907 բանաձևի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված այս բոլոր խնդիրների հարցում։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները իրապես ցանկանում է լինել ազնիվ միջնորդ, որը գուցե կարող է նախաձեռնել որոշակի երկխոսություն և հույս ունի լինել այնպիսի երկիր՝ առանց գաղութական անցյալի բեռի, որ Ռուսաստանն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»։

Թոմաս դե Վաալը նկատեց, որ ներկայում Հայաստանը շատ թույլ դիրքերում է, Ադրբեջանը՝ ավելի ամուր. «Բացի այդ կան ռուս խաղաղապահ ուժերը։ Մինսկի խմբի առջև դրված առաջադրանքը շարունակում է լինել իր հիմնական առաջնահերթությունը, այն է՝ հասնել ամբողջական քաղաքական համաձայնության։ Բայց Հայաստանը դեռևս մերժման փուլում է, ավելի շատ կենտրոնացած է անհապաղ հարցերի վրա՝ կապված գերիների խնդրի, Հադրութի շրջանի և Սյունիքի շրջանի հետ։ Չեմ կարծում, որ Հայաստանը այն վիճակում է, որ կենտրոնանա ամբողջական քաղաքական համաձայնագրի վրա։ Եվ ես նաև չեմ տեսնում շատ հետաքրքրվածություն ադրբեջանական կողմում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը ստացավ, ընդհանուր առմամբ, իր ուզածի 90 տոկոսը՝ տարածքներ հետ բերելով և այլն։ Թե ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները այդ համատեքստում, ապա այն կարող է նախաձեռնել երկխոսություն Բաքվի հետ Երևանի միջև, կարող է փորձել աջակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, կարող է փորձել տրամադրել որոշակի գումար՝ վերակառուցման համար։ Բայց կարծում եմ՝ կարճաժամկետ հեռանկարում շատ բան չկա, որ Միացյալ Նահանգները կարողանա անել»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31