«Ընդդիմադիր ուժերն արել են ամեն ինչ: Չէին կարող գնալ, ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իշխանական թևի ներկայացուցիչների հետ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից անցկացվող «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման հրապարակային մասի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ իսկ ի՞նչ են արել և անում ընդդիմադիր ուժերը, որպեսզի այս իշխանությունների ազգակործան քայլերը կանխեն, պատասխանեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա պնդեց՝ քաղաքական առումով արել են ամեն ինչ, ինչ իրենցից կախված է: Ու վստահեցրեց՝ հենց այս քաղաքական ճնշման արդյունքում էլ այսօր ունենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Եթե չլինեին ընդդիմադիր ուժերը, Նիկոլ Փաշինյանը երբեք չէր գնալու արտահերթ ընտրությունների: Նա սկսել է խոսել ընտրությունների մասին, երբ Հայրենիքի փրկության շարժումը սկսել է ակտիվ ցույցեր անել փողոցում»:
Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր որևէ շանս չունի վերարտադրվելու: Այնուհետև ասաց՝ իրենք այսօր բարոյական իրավունք չունեն չմասնակցել ընտրություններին: Հղում կատարելով, որ օրեր առաջ ՀՀ կառավարության շենքի դիմաց տարբեր քաղաքական ուժեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ ստորագրվելիք խայտառակ համաձայնագրի հավաքվել էին, սակայն հանրությունը չարձագանքեց այնպես, որ հնարավոր լինել վտարել Նիկոլ Փաշինյանին, ուստի իրենց մնում է գնալ ընտրությունների, մանրամասնեց. «Մենք պետք է ամեն ինչ անեք, որ իրենք ընտրությունների արդյունքում որևէ հնարավորություն չունենան վերարտադրվելու: Ընդդիմադիր ուժերը հակառակորդներ չեն, մրցակիցներ են, մեր նպատակը մեկն է՝ վայրկյան առաջ դուրս շպրտել այս ապազգային և անհայրենիք իշխանությանը: Թևավոր խոսք է դարձել՝ պատերազմ կեղծողը, հաստատ ընտրություն էլ կփորձի կեղծել: Եթե նման բան լինի, կոշտ կարձագանքենք»:
Լրագրողների հակադարձմանը՝ կոշտ արձագանք նկատի ունի արժանապատվության ե՞րթը, կամ դավաճան գոչե՞լը, որը առանձնապես արդյունք չտվեց, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Ժամանակը, այո, ցույց տվեց, որ ընդդիմության կողմից պայքարի համար ընտրված միջոցներն ամբողջական արդյունք չգրանցեցին»:
Կարդացեք նաև
Լրագրողների պնդմանը՝ այս իշխանությունների հետ պետք է բիրտ ճանապարհով պայքարել, որ գոնե մինչև ընտրություններ կանխվի և փաստաթուղթ չստորագրվի, հայրենիք չկորցնենք, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Բիրտ ճանապարհ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Հասկանում եմ՝ մարդիկ կարող են ասել՝ դուք եք քաղաքական գործիչներ, լիդերներ, գնացեք արեք: Անենք, ի՞նչ անենք՝ սպանե՞նք, տրաքացնե՞նք, կոտորե՞նք. ի՞նչ անենք: Իրականում ընդդիմության առաջնորդներն իրենց պահում են ավելի պետականամետ, պետական մտածողություն ունեցող, այնպես, ինչպես պիտի իրենց պահեն իշխանությունները: Նրանք գիտեն իրենց խոսքի արժեքը, արարքների հետևանքները և պատասխանատվությունը: Իսկ իշխանությունն իրեն պահում է որպես ընդդիմություն՝ բառիս վատ իմաստով: Եթե նկատել եք՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ, երկու օր առաջ հայտարարեց, որ հաստատված փաստ է, որ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի գործակալներ: Հարց եմ տալիս՝ ընկե′ր կապիտուլյանտ, ի՞նչ եք դուք անում, որ այդ գործակալական ցանցը չգործի, ինչու՞ չեք ձերբակալում»:
Լրագրողները հիշեցրին՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությունը, թե 2018-ի հոկտեմբերին դեռևս Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:
Արթուր Վանեցյանն այս առիթով ասաց. «Էդ նամակի բովանդակությունն ինձ հայտնի չէր, չի թաքցվել անգամ իմ պաշտոնավարման օրերին և մինչ օրս շարունակվում է այսպես կոչված օպերատիվ կապը Ադրբեջանի և ՀՀ-ի միջև: Այդ նամակի և առհասարակ պատերազմի ընթացքի, արդյունքների, սկսման, այս ժամանակահատվածում եղած բոլոր հարցերի պատասխանները պետք է տա քննությունը: Որպես ԱԱԾ տնօրեն, երբ 2019-ի սեպտեմբերի 16-ին ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին և հրապարակեցի իմ հրաժարականի տեքստը, պետք է բոլորի համար ազդակ լիներ դա, սակայն չի հետևել որևէ արձագանք, այնինչ ես անմիջապես թիրախավորվեցի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ