«Միացյալ Նահանգները և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, ՆԱՏՕ-ի գծով են դաշնակիցներ, և պետությունները, որքան էլ ունենան լարված հարաբերություններ միմյանց հետ, միևնույն է, բոլորն են հասկանում, որ ապագայում այս երկու պետությունների ռազմավարական հարաբերությունները շարունակական բնույթ ունենալու են»,- մինչ Հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր» Սուրեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Միացյալ Նահանգներում Թուրքիային վերաբերվում են որպես անառակ որդու, որը գնացել է, բայց մի օր անպայման վերադառնալու է. «Սա կարևոր է հասկանալու համար նաև մեր անելիքները, թե ինչպես Հայաստանը պետք է կառուցի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որ գլոբալ մարտահրավերներին կարողանա նախևառաջ ադեկվատ պատասխանել, և որ այս ստեղծված իրավիճակում կարողանա մաքսիմալ օգտվել թե՛ գերտերությունների լարվածությունից, թե՛ ընդհանուր շահերից։ Եվ այդ ընդհանուր շահերի վրա կարողանա իր հարաբերությունները կառուցել բարեկամ երկրների հետ»։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հարավային Կովկասը մեկ տարի առաջ ուրիշ էր, իսկ հիմա լրիվ ուրիշ է. «Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում տասնյակ պետությունների շահեր են խաչվում, և Աստված մի արասցե, որ այս տարածաշրջանում կրկնվի սիրիական սցենարը։ Այսինքն՝ ներգրավվածության առումով բոլոր այն պետությունները, որոնք ներգրավված են Սիրիայում, համարյա բոլորը որոշակի ներգրավվածություն կամ շահեր ունեն նաև մեր տարածաշրջանում։ Այստեղ տարբերությունն այն է, որ մեզ մոտ չկա քաղաքացիական պատերազմ, իսկ Սիրիայում կար այդ պատերազմը, որը ավելի մեծ արհավիրքների բերեց»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ