Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի նեղ անձնական շահերին ծառայող դիվիդենտների փոխարեն մեր պետությունն այսօր թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու վերջին հնարավորությունները». Արթուր Վանեցյան

Մայիս 22,2021 13:15

«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտից ամիսներ անց, անգամ այն պարագայում, երբ կապիտուլյանտի միանձնյա որոշումով հակառակորդին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր և քաղաքներ, բայց հայկական պետությունները, միևնույն է, շարունակում են տարածքային կորուստներ կրել»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից անցկացվող «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ փաստեց «Պատիվ ունեմ» դաշինքն ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա շեշտեց՝ երեք օր առաջ էլ տեղեկացանք, որ, իր բնորոշմամբ, ինչ-որ քաղաքական թիմ պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքվելիք տարբեր պայմանագրերի ու համաձայնությունների միջոցով իրավական ուժ տալ բոլոր այն կորուստներին, որ ունեցել ենք անցած մի քանի ամիսների ընթացքում: Նա ահազանգեց՝ պահն իսկապես օրհասական է ու պարզաբանեց. «Վտանգ է սպառնում ոչ միայն ՀՀ սահմանային բնակավայրերին, այլև պետության գոյությանն ընդհանրապես: Հակառակորդը զգացել է տարածաշրջանային գործընթացները իր ծրագրերին և տնտեսական շահերին համահունչ ուղղելու հնարավորությունը: Իսկ ի՞նչ է հակադրում Հայաստանը Ալիևի և Էրդողանի մտադրություններին: Ոչինչ: Փոքրիկ, բառի բուն իմաստով, կարճատև ու երկրին որևէ բան չտվող, բացառապես Փաշինյանի նեղ անձնական շահերին ծառայող դիվիդենտների փոխարեն մեր պետությունն այսօր թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու վերջին հնարավորությունները: Մենք բոլորս հասկանում ենք, որ վաղը Նիկոլն այլևս չի լինելու երկրի ղեկին. շուտով նա կհեռացվի, և երկրի առաջ ծառացած մահացու այս մարտահրավերների բեռը կմնա մեր ժողովրդի ուսերին»:

Ուստի Արթուր Վանեցյանը պարզաբանեց՝ այս հարցերի համար համակարգային լուծումներ գտնելու ակնկալիքով էլ այսօր նախաձեռնել են այս քննարկումը: Դրա մի հատվածը կանցկացվի նաև փակ ռեժիմով: Արթուր Վանեցյանը նաև արձանագրեց՝ անցած պատերազմը և դրան հետևող զարգացումներն ամբողջովին փոխել են թե′ մեր անվտանգային միջավայրը, թե′ այն խնդիրների ու ծրագրերի բովանդակությունը, որոնք կոչված էին լուծել հայկական պետականությունների խնդիրները: Նա փաստեց՝ փոխվել է նաև  մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը:

Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ պետք է ոչ թե նախկինում գոյություն ունեցող անվտանգային համակարգերը վերականգնելու, այլ լիովին նորերը ստեղծելու ուղղությամբ մտածել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31