Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Մենք մրցակիցներ ենք, բայց ունենք գերնպատակ՝ օր առաջ ազատվել էս ապազգային իշխանություններից». «Հրապարակ»

Մայիս 22,2021 11:47

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը մարզային այցելություններ է իրականացնում՝ հիմնականում գյուղական համայնքներով։ Նպատակն է՝ շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց հոգսերին, գույքագրել խնդիրները, որ դրանց լուծումները ներառեն իրենց նախընտրական ծրագրում։

Տնետուն շրջայցն ապաքաղաքական է՝ ձգտում են հնարավորինս քաղաքական թեմաներից չխոսել, որ քարոզարշավի չնմանվի, ընտրության ու թեկնածուների անուններ չեն տալիս։ Երեկ Կոտայքի մարզում էին, այցելեցին Ալափարս, Թեղենիք, Քասախ համայնքներ։ Ի դեպ, Վանեցյանը, պարզվում է, լավ պատկերացում ունի գյուղատնտեսությունից եւ անասնաբուծությունից՝ իր առաջին մասնագիտությամբ պայմանավորված, եւ Թեղենիքում օրգանիկ մի ջերմոցում մասնագիտական քննարկում էր ծավալել գյուղացիների հետ՝ արձանագրելով, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է անպայման վերաբացել, որը պետք է լրիվ այլ տեսք ու կառուցվածք ունենա։

Նա մեր հարցին, թե ինչ են արձանագրել այս այցերի ընթացքում, ասաց․ «Արձանագրել եմ, որ մեր հանրությունը հստակ, պարզ գնահատական է տալիս, որ այս իշխանությունների օրոք այլեւս Հայաստանն ապագա չունի։ Բայց պետք է ազնվորեն խոստովանեմ, որ կան նաեւ մարդիկ, որոնք դեռեւս հույս են կապում այս իշխանությունների հետ եւ շարունակում են մնալ իշխանությունների կողմից մանիպուլյացիոն եղանակով տրամադրված տեղեկությունների ազդեցության տակ։ Ես էդ մարդկանց անվանում եմ մոլորյալներ, եւ մենք փորձում ենք այդ մոլորված մարդկանց հետ բերել իրական կյանք, որովհետեւ էն, ինչ կատարվում է մեր երկրում այսօր, ուղղակի որեւէ մեկնաբանություն, որեւէ արդարացում չի կարող ունենալ»։

– Պարոն Վանեցյան, Ձեր նշած այդ մոլորյալները Նիկոլին են ուզում, իսկ նրանք, ովքեր դեմ են, ավելի շատ հույսը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դուք ինչպե՞ս եք համոզելու մարդկանց, որ արժանի այլընտրանք եք այդ երկու ուժին։

– Ես չեմ կիսում այդ գնահատականը, որ կա երկու բեւեռ, հավատացեք՝ «Պատիվ ունեմ» դաշինքում ներառված երկու քաղաքական ուժերն ունեն շատ մեծ թվով աջակիցներ եւ շատ մեծ թվով մարդիկ, որոնք հույս են կապում մեր դաշինքի հետ, եւ ես չեմ համարում ընդդիմադիր դաշտում գործող ազգային ուժերին մեզ հակառակորդ։ Մենք մրցակիցներ ենք, բայց մենք ունենք գերնպատակ՝ օր առաջ ազատվել էս ապազգային իշխանություններից։ Իսկ ինչ վերաբերում է մրցելուն եւ ապացուցելու ժողովրդին, թե մենք ինչու ենք լավը, եւ ինչու նրանք լավը չեն, ծրագրերը կներկայացնենք, մեր նախընտրական քարոզչությունը կիրականացնենք, եւ ժողովուրդն ինքը կտա իր գնահատականը։

– Խորհրդարան անցնելուց հետո դուք պատրաստվո՞ւմ եք կոալիցիա կազմել, օրինակ, «Հայաստան» դաշինքի հետ՝ անկախ նրանից, թե որ ուժը որքան ձայն հավաքած կլինի։

– Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու, եւ եթե ընտրությունների արդյունքում մեզ չհաջողվի ունենալ պարզ մեծամասնություն, այդ ժամանակ կքննարկենք կոալիցիա կազմելու հարցը։ Միանշանակ է մեկ բան՝ մենք կոալիցիա չենք կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։

– Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում եք Դուք, բայց ցուցակի առաջին 10-20 տեղերում հիմնականում ՀՀԿ-ականներն են, սա ինչո՞վ է պայմանավորված։

– Ցուցակի մասին էդ տեղեկությունները չգիտեմ՝ որտեղից եք ստացել, նման բան չկա, ցուցակում ներգրավված են թե՛ «Հայրենիք», թե՛ Հանրապետական կուսակցության անդամներ, թե՛ անկուսակցականներ, եւ այսօր ես ասել եմ ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ այսօր սովորական քաղաքական պրոցես չէ, սովորական քաղաքական գործընթաց չէ, որ ցուցակում տեղերի պայքար գնա։ Մենք ունենք մեկ նպատակ՝ ազատվել այս ապազգային իշխանություններից, իսկ նրանցից ազատվելու համար ցուցակն ինչ կերպ կկազմվի, դա որեւէ կապ չունի։

– Միեւնույն է, խոսվում է դաշինքում ներկուսակցական, ներթիմային ինտրիգների մասին։

– Նման բան չկա, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ Սերժ Սարգսյանը թիմում նման խնդիր չունենք։ Դուք առիթ ունեք, հնարավորություն ունեք շփվելու թե՛ ՀՀԿ անդամների, թե՛ «Հայրենիք» կուսակցության անդամների հետ եւ կտեսնեք, որ որեւէ ինտրիգ ցուցակի կազմման հարցում չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31