Գերմանիայի արտգործնախարարությունը մայիսի 20-ին անփոփոխ է թողել մայիսի 13-ին «Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային հակամարտության» վերաբերյալ իր կայքէջի տեղակագիրը, ըստ որի «մայիսի 12-ին Սեւ լճի մոտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճարկվող սահմանագոտում, Գորիսին մերձակա Վերիշեն գյուղից երեք կիլոմետր վեր, սահմանային միջադեպ է գրանցվել հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ»: Դիմեցինք ԳԴՀ արտգործնախարարություն՝ պարզելու, թե ո՛ր աղբյուրից են օգտվել, ի՛նչ փաստեր են հիմք ծառայել՝ «վիճարկվող» բնորոշման համար: Երեկ ի պատասխան մեր գրավոր հարցման ստացանք ստորեւ ներկայացվող գրությունը:
«Գերմանիայի կառավարությունը տեղեկություն ունի, որ Հայաստանի հարավում ադրբեջանցի զինվորները թափանցել են մի տարածք, որը Հայաստանը դիտարկում է որպես իր պետության մաս, եւ որի սահմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճարկված է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, դաշնային կառավարությունն աջակցում է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահներին՝ երկու կողմի միջեւ միջնորդ լինելու հարցում: Տեղի մեր դեսպանությունները, ԵՄ շրջանակները, նրանց գործակիցները սերտ կապի մեջ են նշյալ երկրների կառավարությունների հետ: Մեր տեսակետից, միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ միջազգային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Մենք պահանջում ենք, որ երկու կողմն էլ այս իրադրության պայմաններում իրար միջեւ համաձայնեցված զինադադարը պահպանեն եւ զերծ մնան որեւէ գործողությունից, որ կարող է հանգեցնել իրավիճակի սրման: Հակամարտության տեւականլ ուծման կարելի է հասնել միայն բանակցությունների եւ երկու երկրների միջեւ համաձայնեցված սահմանի միջոցով»:
Շնորհակալ ենք իհարկե, որ ԳԴՀ կառավարությունը, իր որդեգրած սկզբունքից չի հրաժարվում, արագ պատասխանում է մեր հարցմանը, ինչը չենք նկատել հայրենի կառավարության գործելակերպում, բայց պատասխանը, մեղմ ասած, չի փարատում մեր մտահոգությունը, թե ԳԴՀ ԱԳՆ այդ բառեզրով ոտնահարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Արտգործնախարարությունը չի պարզաբանում իհարկե, թե իր արձանագրած «վիճարկվող» եզրը որտեղի՞ց է վերցրել, ո՞ր աղբյուրներն են դրա համար հիմք ծառայել: Գերմանիայի արտգործնախարարությունը Ադրբեջանի մասին ամենօրյա թարմացվող իր ամփոփագրում նույն միջադեպի մասին որեւէ բան չի ծանուցում՝ բնականաբար հաստատելով, որ այդ դեպքը ոչ թե «վիճարկված» կամ «վիճարկելի», այլ Հայաստանի սահմանում է տեղի ունեցել:
Կարդացեք նաև
Գերմանական լրատվամիջոցները չեն կարող վերոհիշյալ բնորոշման աղբյուր լինել, քանի որ իրենց հրապարակումներում առավել չեզոք են, բավարարվում են զգույշ ձեւակերպումներ անելով, քանի որ մեր երկրում կատարվող՝ հատկապես վերջին օրերի իրադարձությունների մասին գրում են առանց տեղում ներկա լինելու:
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական զինված ուժերին Թուրքիայի սատարման առիթով, իրազեկում է գերմանական n-tv-ին՝ ծանուցելով, որ վերջին շրջանում աճում է հակամարտության վերաբռնկումը՝ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս խախտում է իր սահմանները, ինչը Ադրբեջանը չի ընդունում, ձեւակերպում է n-tv-ն՝ մայիսի 18-ի հաղորդագրության մեջ: Այս լրատուն չի անդրադառնում սահմանային խնդրին, սակայն հուշում է, որ հայկական կողմը դեռեւս չի մոռանում իր իրավունքները պաշտպանելու հանձնառությունը:
«Կարմիր գծեր Սեւ լճի մոտ» վերտառությամբ հոդվածում «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» մայիսի 17-ին գրում է․ «ԼՂ- ում հաղթանակից հետո Ադրբեջանն այժմ նաեւ Հայաստանի պետական տարածքի հանդեպ է ոտնձգություն կատարում»՝ հստակ նկարագրելով «ադրբեջանական զինուժի՝ անցյալ շաբաթ 3,5 կմ դեպի հարավհայկական Սյունիք նահանգ առաջ շարժվելը, որ երկու քառակուսի կիլոմետրանոց Սեւ լճի բոլոր ափերին տիրանալու նպատակ էր հետապնդում»:
«Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» փոխանցում է, թե իր հրապարակման մեջ հենվել է Երեւանից փոխանցված լրատվությանը:
Հոդվածագիր Շտեֆան Շոլլը նշում է, որ հայկական զորքի հետ ուղիղ բախումներ չեն եղել, երկու կողմն էլ բանակցում են ռուս սպաների միջնորդությամբ եւ ընդգծում, որ կիրակի օրը՝ մայիսի 16-ին, «Բաքուն սակայն ցուցադրաբար սկսեց խոշոր զինավարժություններ՝ ընդգրկելով շուրջ 15 000 մարդու, 400 զրահամեքենա, 50 մարտական ինքնաթիռ»: Թերթը արձանագրում է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը թուրքական զինուժի սատարմամբ է աշնանը գրավել ԼՂ-ի մեծ մասը:
Տեղական սահմանախախտումները նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո դարձել են օրակարգային, երկու կողմի թշնամությունը ատելությանն է մերձենում, գրում է «ՖՌ»: «Մենք առ այսօր առճակատվում ենք ահաբեկչական հարձակումների, պարտիզանների հետ», ադրբեջանցի լրագրող Էմիլ Ախունդովի ռուսական MBCH-Media պորտալին տված մեկնաբանությունն է փոխանցում գերմանական վերոհիշյալ աղբյուրը՝ շարունակելով ներկայացնել մեկ ուրիշ «փաստ»՝ «Հայաստանը դեռեւս հրաժարվում է ազատագրված Ղարաբաղի ականապատման որեւէ քարտեզ տրամադրել»:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում