Լրահոս
Օրվա լրահոսը

100 տարի անց Ալիեւը շարունակում է նույն խուլիգանությունները՝ այս անգամ Սյունիքում եւ Գեղարքունիքում․ «Ազգ»

Մայիս 22,2021 10:10

100 տարի առաջ, այս օրերին, հակառակ Մոսկվայի տխրահռչակ պայմանագի պահանջին՝ Թուրքիան շարունակում էր իր զորքերը պահել Հայաստանում, որն արդեն, փետրվարյան ապստամբության ճնշումից հետո նորից հայտնվել էր սովետական կարգերի տակ:

Քյազիմ Կարաբեքիր փաշայի ասկյարները շարունակում էին սպանել, մորթել, հարստահարել մարդկանց, հատկապես Ալեքսանդրապոլում եւ շրջակայքում, որի ազգաբնակչությունը աղուհացով էր դիմավորել նրանց: Ահա այդ ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար (արտաքին գործերի ժողկոմիսար) Գեորգի Չիչերինը, ինչպես պարզվում է Օրջոնիկիձեին հղած նրա հայտնի հեռագրից, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադից պահանջում է վերջ տալ Կարաբեքիրի «խուլիգանությանը» եւ զգուշացնումՙ «Թուրքիայի եւ Սովետական Հայաստանի միջեւ պատերազմը կնշանակի պատերազմ Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ»:

Այժմ, 100 տարի անց, Իլհամ Ալիեւը, հետեւելով իր մենտոր, միջազգային արենայում իր խուլիգանական արարքներով հռչակված Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինակին, անօրինակ լկտիությամբ եւ անպատիժ շարունակում է նույն խուլիգանությունները այս անգամ՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում, նպատակ ունենալով առաջինը վերածել Հայաստանից կտրված անկլավի, իսկ երկրորդը՝ արգելապատնեշի՝ Արցախը այժմ եւ ընդմիշտ կտրելու Մայր երկրից, հաղորդակցության բոլոր ուղիներից, միաժամանակ իրականություն դարձնելով թուրք-ադրբեջանական մեծ երազանքը՝ միանալ-միացնել Նախիջեւանին ու Թուրքիային:

Մնացած ամեն ինչ՝ նոյեմբերի 9-ի թղթով նախատեսվող կոմունիկացիանե՜ր, հաղորդակցության միջոցնե՜ր, Հայաստանի ապաշրջափակում, տնտեսական զարգացում, ֆլան-ֆստան, պարապ բաներ են: Շինծու, բացարձակապես արհեստական պատրվակներ է նաեւ սահմանագծումների, այսպես կոչված՝ դեմարկացիոն գործընթացների, հորինված քարտեզների, GPS-ով տեղորոշումների միջոցով սադրիչ գործողություններ իրականացնելու փաստը: Փոխարենը շատ լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի գլխավոր խուլիգանի ամենեւին ոչ պատահական ակնարկությանը, որը նա արեց մի շաբաթ առաջ, Սեւ լճի կողմից մինչեւ Նախիջեւան ընդամենը 40 կմ տարածությունը ի հարկին զինու ուժով գրավելու մասին:

Աշխարհակալական նույն նկրտումները, որոնց կենսագործմանը տեւական ժամանակ լծված է Էրդողանը ավելի լայն մասշտաբով, ուշիմ աշակերտի նման այժմ փայփայում է նաեւ Ալիեւը, իր ճանապարհին չհանդիպելով որեւէ արգելքի: Խուլիգանի եւ խուլիգանների ձեռքը բռնող չկա: Արեւմուտքը հետեւում է, թե ինչպես է Մոսկվան դուրս գալու այս թնջուկից, մինչ Լավրովը ամենեւին էլ Չիչերին չէ, որին ի վերջո հաջողվել էր Հայաստանի սահմաններից հեռացնել Կարաբեքիրի հրոսակներին:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31