Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Տրամաբանական է պատկերացնել, որ Ադրբեջանը պահանջելու է անկլավները, որոնք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում են․ «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2021 09:20

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ որոշակի պայմանների դեպքում պատրաստվում է համաձայնություն տալ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին:

Դեռեւս որեւէ պաշտոնական փաստաթուղթ հրապարակված չէ այդ մասին, սակայն արդեն կան քննարկումներ, թե այդ սահմանազատման արդյունքում ինչ է կորցնելու եւ ինչ է շահելու Հայաստանը:

Այս թեմայով «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:

– Պարոն Տեր-Աբրահամյան, պատմական իրողությունները հաշվի առնելով հնարավո՞ր է ասել, թե ո՞ր պայմանագրերի հիման վրա է արվելու սահմանազատումը եւ ի՞նչ է դա իրենից ենթադրում, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում:

– Քանի դեռ թուղթը չկա, դժվար է ինչ-որ բան ասել: Բայց կարևոր է կոնտեքստը: Փաստացի սա Հայաստանին ուժով պարտադրվող որոշում է, այն էլ մեր պետության համար առավել խոցելի պահին: Ինչո՞ւ ուժով, որովհետև տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք՝ Սև լճի և մյուս հատվածներում, և որպես արդյունք այս ճգնաժամը լուծելուն ուղղված բանակցությունների, ի հայտ է գալիս սահմանազատման մասին փաստաթուղթ: Այսինքն Ադրբեջանի թուրքերը սկզբում խախտում են սահմանը, հետո ասում են՝ դուրս չենք գա՝ մինչև սահմանազատման հարց չլուծվի: Մյուս կողմից էլ, երբ մենք դիմում ենք ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներին, պատասխանը լինում է, որ նրանք պատրաստ են միջնորդելու սահմանազատման գործընթացը: Եվ այս ամենը տարօրինակորեն տեղի է ունենում Երևան և Բաքու Լավրովի այցից օրեր անց:

Դժվար է ասել, ավելին ինչ կա այս ամենի հետևում թաքնված, բայց պարզ է կարծես, որ կան հարցի այնպիսի կողմեր, որոնք դեռ մինչև վերջ հասկանալի չեն: Ի դեպ, որքան հիշում եմ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա սահմանազատման մասին: Հասկանալի չէ, թե ինչու այս հարցն այսքան շտապ ակտուալ դարձավ, երբ դեռ լուծված չեն նույն նոյեմբերի 9-ի հայտարարագրով հռչակած հարցերի մի մասը՝ գերիներ, հաղորդակցության ուղիներ և այլն:

Տեսականորեն, կարելի է ասել, որ դեմարկացիայի հարցը մի օր բարձրանալու էր: Բայց գործնականում, բացի այն, որ ընտրված է Հայաստանի համար առավել խոցելի ժամանակը, նաև այդ «մի օրը» կարծես չափից ավելի շուտ եկավ և անսպասելի: Ի՞նչ է եղել, որ հենց հիմա պետք եկավ այդ սահմանազատումը: Չունեմ այս պահին հստակ պատասխան, բայց փաստ է, որ այստեղ հարց պետք է դրվի:

– 2-3 օր ամբողջ համացանցը հեղեղված էր ընդդիմադիր շրջանակների գրառումներով, որ Փաշինյանը համաձայեց Տավուշի 3 գյուղերը, Արարատից մեկ գյուղ տալ Ադրբեջանին: Այդ հայտարարությունները որքանո՞վ կապ ունեն սպասվող գործընթացի հետ:

– Նախ՝ վտանգի մասին:

Խնդիր անշուշտ կա: Որովհետև, եթե որպես հիմք ընդունում ենք Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանները, ապա, այո՛, իրենք ունեն անկլավներ մեր տարածքում՝ Տավուշի մարզում, և Արարատի մարզում՝ այսօրվա բաժանմամբ, և մենք էլ ունենք մեկ անկլավ՝ Արծվաշենը: Անհասկանալի է, թե այս հարցերն ինչպե՞ս պետք է լուծվեն: Ամենայն հավանականությամբ, տրամաբանական է պատկերացնել, որ Ադրբեջանը պահանջելու է այդ անկլավները, որոնք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում են: Իսկ դրանց հետ կապված թերևս ամենալուրջ խնդիրը ճանապարհների խնդիրն է: Միայն եթե հիշենք Քյարքիի լեռնանցքը՝ Տիգրանաշեն գյուղը, որը հենց այդպիսի մի անկլավ է, և որը Երևանը Վայոց Ձորի և Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհին է, կհասկանանք, թե ինչ խնդրի մասին է խոսքը:

Այնպես որ, այո՛, անկլավների հարցը ամենակարևորներից է այստեղ: Ի դեպ, կարծում եմ, Ադրբեջանի համար այդքան մեծ խնդիր չի Արծվաշենը վերադարձնել՝ ի փոխանակում Տիգրանաշենի կամ Տավուշի մարզի անկլավների, որովհետև Արծվաշենն այդքան մեծ դեր չունի նրանց համար. ծայրամասային է և մեծ ճամփեքից հեռու է: Ինչևէ, դեռ պետք է հասկանալ, թե այս խնդիրը ոնց է լուծվում:

– Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն լուծումները, որոնք նախնական պայմանավորվածությամբ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Ինչպե՞ս է ստացվում, որ եւ տարածքներ պետք է տանք եւ դա չի հակասում մեր շահերին, չի խախտում մեր տարածքային ամբողջականությունը:

– Եթե վերցնում ենք սովետական քարտեզներով սահմանները, որոնք էլ միջազգայնորե ճանաչվածներն են, ապա ֆորմալ իմաստով անկլավների հարցը չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց արդեն տեսանք, որ դա ինչ վտանգներ պարունակող հարց է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը: Հայաստանում մեծ հաշվով ընդդիմություն չկա, կամ գրեթե չկա: Բոլորի մասին չեմ ասի, բայց մեծ մասը պարզապես արտաքին կառույցների մասնաճյուղեր են, որոնք բոլոր ճգնաժամային իրավիճակներում սինխրոն են գործում արտաքինի հետ: Սա արդեն շատերն են տեսնում ու հասկանում: Հիմա էլ խաղում են երկու ձեռքով խաղ: Մի կողմից Հայաստանի հետ բանակցում են կամ լավ է ասենք՝ պարտադրում են ինչ-որ համաձայնագիր, մյուս ձեռքով էլ այստեղ աղմուկ բարձրացնում, որ բա չիմացաք՝ ինչ եղավ: Սա մի անտանելի վիճակ է, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին մնում է խաղից դուրս վիճակում: Որովհետև գրեթե ցանկացած քննադատություն իշխանության հասցեին սկսվում է ընկալվել այդ դաշտում: Ի դեպ, հեղափոխության գլխավոր խնդիրներից պետք է լիներ հայաստանակենտրոն քաղաքական դաշտի ձևավորումը: Դա ինքն իրենով չէր լինելու: Բայց նույնիսկ հարցադումը դրա մասին չդրվեց, էլ ուր մնաց առաջին քայլերն արվեին:

Եվ վերջապես, այսօր իշխող ուժն էլ ասում է, թե երկրում բարձրագույն մակարդակով կան օտար գործակալներ: Այն, որ կան, բոլորս էլ տեսնում ենք ու վաղուց. միայն պատերազմի փորձն ամեն բան արժեր: Բայց այն, որ իշխող թիմից խոսում են դրա մասին, բայց քայլեր չեն ձեռնարկվում այդ գործունեության չեզոքացման ուղղությամբ, դա է զարմանալի:

– Ըստ ձեզ Սյունիքում եւ Գեղարքունիքում տեղի ունեցող սահմանային իրադարձությունները ինչո՞վ են պայմանավորված. սա Ալիեւի քմահաճույքո՞վ է լինում, թե՞ աշխարհաքաղաքական խաղերի արդյունքում նա «կանաչ լույս» է ստացել այս գործողություններն անելու:

– Դե քմահաճույք չէ, հաստատ: Ես չեմ կարծում, որ Ալիևն այնքան կարողություն ունի, որ առանց հաշվակելու մտնի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի վրա տարածվում է ռուս-հայկական պայմանագրի և ՀԱՊԿ երաշխիքները: Ի վերջո, կարո՞ղ էր չէ այնպես ստացվել, որ մեր կողմից ուժ կիրառվեր, ռազմական գործողություններ սկսվեին: Ու ռուսներն ու ՀԱՊԿ-ն փաստի առաջ կանգնեին: Արդեն Արցախի մասին չէր լինի խոսքը, այլ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի: Ես չգիտեմ, եթե մեկը կարծում է, որ Ալիևն այդքան ղոչաղ տղա է…

Ոնց որ Թուրքիան էր այնքան ղոչաղ, որ սիրիացի զինյալներին էր ուղարկում Ռուսաստանի հետ սահմանակից երկիր: Կամ Ալիևը Շուշի մտնելուց հետո կանգ էր առնում, չէր մտնում Ստեփանակերտ, որը փաստացի արդեն անպաշտպան էր մնում: Այդ ինչի՞ց վախեցավ ու կանգնեց: Ստեփանակերտն էլ հո իրենն է համարում: Ուրեմն Ստեփանակերտ չի մտնում, կանգ է առնում, բայց Հայաստանի սահմանները խախտում է, որոնք պաշտպանված են ռուս-հայկական պայմանագրով: Իհարկե, եզրի վրա են խաղում: Մտնում է, չի խորանում, չի կրակում: Ամեն դեպքում սա շատ մազի վրա խաղ է, բայց փաստերը սրանք են:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31