Լրահոս
Օրվա լրահոսը

Սև լճին հարակից տարածքում միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը. մանրամասներ

Մայիս 22,2021 01:06

ՀՀ Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. մանրամասներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին 2021 թվականի մայիսի 20-ի երեկոյան ահազանգ էր ներկայացվել այն մասին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում մեր մի շարք զինծառայողներ ստացել են տարբեր վնասվածքներ: Ահազանգից քիչ անց տեղեկությունը հրապարակվել էր նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է փաստերի հավաքմանն ու ուսումնասիրությանն ուղղված անհրաժեշտ քայլեր:

ՀՀ զինծառայողներին երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո իրականացվել է այց հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում` առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում:

ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:

Ընդհանուր առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը:

Պաշտպանի ներկայացուցիչներն ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայումս շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Մեր զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը դիտարկում է` որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ` հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու նրանց փորձը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները դիտարկում է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:

Այսինքն` ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:

Անհրաժեշտ է նաև հատուկ ընդգծել, որ նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն է, ով անընդհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն:

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31