Քաղաքացիական գործող օրենքով, առոչինչ գործարքի անվավերության հետեւանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետեւանքներ կիրառել սեփական նախաձենությամբ: Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը:
Գյումրեցի Մկրտիչ եւ Ռուբինա Չարչօղլյաններն անցյալ տարվա սեպտեմբերին դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հայցադիմումը Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ի, Գյումրու համայնքապետարանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի դեմ է, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 09.09.2004 թվականին կնքված թիվ 704-Ու պայմանագիրը, թիվ 407 եւ թիվ 1167 քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին: Հայցվոր կողմը հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
«Առավոտին» Ռ. Չարչօղլյանը երեկ տեղեկացրեց, որ մինչ դատարանը իրենք դիմել են վարչապետին, ԱԱԾ, գլխավոր դատախազին, մարզպետին, քաղաքապետին, արտակարգ իրավիճակների նախարարությանը: Սակայն խնդիրը լուծում չի գտել:
Կարդացեք նաև
Հայցվոր Մկրտիչը գործազուրկ է, երրորդ խմբի հաշմանդամ, խնամքին է գտնվում գործազուրկ, երրորդ խմբի հաշմանդամ մայրը՝ տիկին Ռուբինան, բացի պետության կողմից նշանակված թոշակից, նրանք չունեն եկամտի որեւէ աղբյուր:
«Առավոտին» Ռ. Չարչօղլյանը պատմում է, որ երկրաշարժից հետո իրենց հայրական տան բակին կից՝ երկու մետրի վրա, քաղաքային իշխանությունը տասնութ տնակ է տեղադրել, ժամանակավոր, անօթեւաններին ծառայելու համար, սակայն երկար տարիներ այն որպես ատամնաբուժարան է գործել, ինչն անօրինական է: Իրարամերժ փաստաթղթերից մեկով՝ ՀՀ առողջապահության նախարարությանը նման «դոմիկային» բուժհաստատություն չի պատկանել, իսկ Գյումրու քաղաքապետարանում՝ այն շենք է:
Մեր ձեռքի տակ գտնվող համայնքի ղեկավարի՝ վարձակալությամբ տարածքը ատամնաբուժարանին հատկացնելու մասին որոշման մեջ գրված է միայն ժամանակավոր տրամադրելու մասին, իսկ քանդելու կամ հետագա կարգավիճակի մասին խոսք չկար:
Հիմնական գործող անձը՝ տնակներն այդտեղ բերողը, հանրապետությունից դուրս է:
Զրուցակիցս ասում է. «Վկայականի մեջ գրված է՝ ազատ տարածք է: Մինչդեռ մեր տանը կից է: Ատամնաբուժարանի ամբողջ ձյունը հալվում, թափվում է մեր բակ, բացի այդ, անհանգստացնում են մեզ: Գիշերը գալիս են, մեր տան զանգը տալիս՝ ատամ քաշելու համար, բացի այդ, մեր տանիքի վրայով մալուխներ են անցկացրել՝ վնասելով տանիքը, մի խոսքով, անհանգիստ վիճակում ենք»:
Մայիսի 26-ին նշանակվել է դատական նախնական հերթական նիստը, Գյումրիում նրանց շահերը ներկայացնում է ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը՝ Արմենուհի Ղանդիլյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2021