Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանճարեղ կոմպոզիտորների պլեադայում Մալերն իմ ֆավորիտներից է»

Մայիս 22,2021 13:00

Երկրորդ անգամ Ֆիլհարմոնիկը հնչեցրեց կոմպոզիտորի «Երկրի երգը» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը

Հազվադեպ է պատահում, երբ արվեստագետը, այս դեպքում՝ կոմպոզիտորը, այն էլ համաշխարհային մեծության, որ իր բարձրարվեստ ստեղծագործություններից առանձնացնում է մեկը ու այսպես արտահայտվում. «Սա ամենաանձնական գործն է բոլոր այն ստեղծագործություններից, որոնք ես գրել եմ»։ Սա Գուստավ Մալերի խոստովանությունն է իր «Երկրի երգը» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործության մասին։ Այս երկը գրվել է 8-9-րդ դդ. չինացի պոետների «Չինական ֆլեյտա» բանաստեղծությունների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ընթերցելուց հետո։

Հիշյալ ստեղծագործությունը վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ իր ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մեներգիչներ՝ մեցցո սոպրանո Զանդրա Մըքմաստերի (Իռլանդիա) ու տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ, 2014թ.։ Այն ժամանակ «Առավոտը» անդրադարձել էր համերգին, հիմնականում ներկայացնելով առաջին անգամ Հայաստան այցելած օպերային երգչուհուն։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 18-ին, փաստորեն 2-րդ անգամ, ֆիլհարմոնիկն իր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորի հետ հնչեցրեց Մալերի «Երկրի երգը»՝ համարյա նույն կազմով. մեցցո սոպրանոյի պարտիայի կատարմամբ հանդես եկավ ճանաչված օպերային երգչուհի Օլեսյա Պետրովան։

Համերգի ավարտին կուլիսներում մաեստրո Թոփչյանին ընդամենը մեկ հարց ուղղեցինք՝ ինչո՞վ կբացատրի Մալերի հատուկ վերաբերմունքը այս ստեղծագործության նկատմամբ։ «Հեղինակի այս երկը իսկապես բացառիկ նուրբ արտահայտչականությամբ, աշնան ու ձմեռվա բնապատկերների լուռ թախիծով ներծծված պոեզիա է, որը պատկերում է մարդու ծերությունը, մայրամուտն ու կյանքին հրաժեշտը։ Ընդ որում, Մալերը այն գրել է կյանքի՝ իր համար դժվարին ժամանակահատվածում։ Սա այն հազվադեպ գործերից է, երբ կարող ես նույնիսկ միանշանակ ասել, որ բանաստեղծություններում Մալերը գտել է այն, ինչը առավել մոտ է եղել սեփական տրամադրություններին»,- պատասխանեց մաեստրոն։

Ռեպլիկին՝ Մալերը իր կուռքն է, մեր զրուցակիցը հաստատեց. «Այո, ճիշտ եք նկատել։ Հանճարեղ կոմպոզիտորների պլեադայում Մալերն իմ ֆավորիտներից է։ Անչափ սիրում եմ հեղինակի այս ստեղծագործությունը։ Կոնկրետ «Երկրի երգի» դեպքում նվագախմբի պարտիան անչափ հարուստ է, ավելին՝ լի տարբեր գործիքների մենանվագներով։ Ինչպես միշտ, այստեղ էլ պետք է անկեղծ լինեմ եւ չտեսնված բարձր գնահատեմ նվագախմբի յուրաքանչյուր երաժշտի աշխատանքը։ Իսկ սոլո կատարումներն ուղղակի ֆանտաստիկ էին։ Մալերի այս երկը, կարճ ասած՝ համաշխարհային դասական երաժշտարվեստի գանձարանում տեղ գտած այն վոկալ-սիմֆոնիկ գործերից է, որը կատարողական մեծ վարպետություն է պահանջում»։

Խնդրեցինք երկու խոսք էլ մեներգիչների մասին։ «Օլեսյան եւ Լիպարիտը բազմիցս համագործակցել են ֆիլհարմոնիկի հետ։ Երկուսն էլ հրաշալի օպերային երգիչներ են։ Իրենց փայլուն են դրսեւորում հիմնականում ռուսական եւ իտալական օպերաներում։ Մալերի այս սիմֆոնիայում մեներգիչների երգաբաժինը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե վոկալ տեխնիկայի, թե գերմաներենի ճշգրիտ մատուցման առումներով։ Այստեղ էլ պետք է շռայլ գտնվեմ գնահատականներում. մեր հանդիսատեսին ծանոթ երգիչները, վստահ եմ, որ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք ոչ միայն մեծ երգիչներ են, այլեւ փայլուն եւ ինտելեկտուալ երաժիշտներ»,- հայտնեց Թոփչյանը։

Իսկ թե որտեղից մաեստրոն գիտի, թե գերմաներենը մատուցվել է ճշգրիտ, մեր զրուցակիցն ասաց. «Ես իմ մայրենիի մակարդակով տիրապետում եմ գերմաներենին։ Մենք մանրակրկիտ եւ բավականին արդյունավետ աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ի դեպ, երգիչների գերմաներենի մատուցումը բարձր գնահատականի արժանացավ համերգին ներկա գերմանացի հանդիսատեսի կողմից…»։

Երեկոյի ավարտին հնչած հանդիսատեսի երկարատեւ ծափահարությունների մեջ իրենց բաժինն ունեին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոն, ճանաչված դեմքեր, օպերային դիվա Հասմիկ Պապյանը, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երանի թե հայ երաժշտության մեջ էլ նկատեիր քո Մալերին …

Պատասխանել