Կամ նվիրում` Ճարտարի արվեստի դպրոցին
Երեւանում արդեն մի քանի օր է, որ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում գործում է նկարիչ Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը, որը, ինչպես նկարիչն է նշել մեզ հետ զրույցում` բարեգործական է, իսկ նկարների վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է ծննդավայրի` Արցախի Ճարտար քաղաքի արվեստի դպրոցին, որտեղ մի շարք չլուծված խնդիրներ կան։
Նարեկ Ավանեսյանը 2011 թվականից է աշխատել Ճարտարի արվեստի դպրոցում, իսկ 2012-2019 թվականներին եղել է տնօրեն։
«Անցած տարվա պատերազմի ամենաթեժ օրերին է ցուցահանդեսի գաղափարը ծնվել՝ Ճարտարի անսասանության համար մղվող մարտերի ժամանակ»,-ասում է Նարեկ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որին ներկայացրել է հինգ տասնյակից ավելի գործեր: Դրանք ցուցադրվում են առաջին անգամ:
Նարեկն ասում է, որ ամեն գույնի մեջ հոգի կա, որը պետք է նախ հաղորդի նկարի յուրահատկությունը, քանի որ, օրինակ, երբ զինվորների է նկարում՝ հիշում է այն տղաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար, եւ այդ նկարի համար օգտագործվող գույները նաեւ սրտից են հորդում՝ միախառնելով ցավն ու կարոտը: Նարեկն էլ շատ մարտական ընկերների ու համաքաղաքացիների կորցրեց, ու այդ ցավը սրտում նորից Արցախ նկարեց՝ այնքան վսեմ, այնքան խրոխտ, այնքան հերոսական զինվորներով, որովհետեւ, անշուշտ, մեր զինվորները հաղթող են: Պատերազմի օրերին էլ, երբ մի երկու րոպե ժամանակ էր գտնում, էսքիզներ էր անում, որ հետո լայնածավալ աշխատանք սկսի էսքիզների հիման վրա եւ անտիպ կտավներ ստեղծի: Եվ ստեղծեց կտավներ՝ գույների մեջ խոհուն, ներդաշնակ ու բազում աչքեր գրավող:
Կարդացեք նաև
Նարեկը մասնակցելով 2016 թվականի ապրիլյան պատերազմին եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երրորդ պատերազմին, լավ գիտի, որ հայրենիքը հենց իր նմանների շնորհիվ է կանգուն մնում՝ նաեւ պատերազմից հետո, որ հենց իր նմաններն են լծվում հայրենիքի շենացման սուրբ գործին՝ ստեղծելով ու ստեղծածը պահելով:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2021