Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդը տեղյակ չէ նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից

Մայիս 22,2021 13:30

Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանն իրեն արդեն թույլ է տալիս աներեւակայելին. Արցախի գրավումը 6 ամսվա ընթացքում հրաշալիորեն մարսելուց հետո, լրջորեն որոշել է քայլ-քայլ իրականացնել այն բոլոր մտադրությունները, ինչի մասին հաճախակի բարձրաձայնել է հատկապես վերջին պատերազմի եւ պատերազմից հետո վերջին 6 ամիսների ընթացքում, որ իրենք երբեք չեն հանգստանա, մինչեւ չվերցնեն Սյունիքը, այնուհետեւ Սեւանա լիճը, իսկ վերջին քայլով նաեւ՝ Երեւանը, որով էլ ավարտին կհասցնեն իրենց պատկերացրած սահմանազատման աշխատանքները, որին միշտ էլ պաշտոնական Երեւանը եւ Հայաստանի ժողովրդավարության ծիլերից ծնված ու աշխարհին ժողովրդավարություն սովորեցնող ժողովրդի այդ հատվածը վերաբերվում են հումորով, քանզի նրանք տոգորված են միմիայն համամարդկային արժեքներով: Նրանց համար ոչ մի նշանակություն չունի՝ կլինի Հայոց պետություն, Հայաստան երկիր, թե ոչ, քանզի նրանց համար ինչ տարբերություն՝ իրենք կապրեն Հայաստան կոչվող երկրում, թե այդ տարածքին տիրացած Ադրբեջանում:

Նրանց համար պետություն, պետականություն, երկիր հասկացություններ չկան, կա աշխարհ հասկացությունը, որտեղ իրենք համամարդկային արժեքներով (համոզված եմ, որ նրանցից գեթ մեկը բացարձակ պատկերացում չունի, թե ինչ ասել է համամարդկային արժեք)՝ կողք-կողքի կապրեն երջանիկ, որտեղ ոչ կոռուպցիա կլինի, ոչ էլ հներից որեւէ մեկը: Այս ամենի կողքին կարելի է չափազանց զարմանալ, որ մեր ժողովրդի մեջ դեռ կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում, գլոբալիզացիայի այս սրընթաց պայմաններում դեռ չեն մոռացել պետություն, պետականություն, երկիր, ազգային … եւ նմանատիպ այլ հասկացությունների մասին եւ իրենց «նախնադարյան» ուղեղներով դեռ կառչած են մնացել այդ բորբոսնած գաղափարներին:

Ժողովրդի այդ հատվածը այդպես էլ չհասկացավ, որ ժամանակները փոխվել են եւ բնավ պատահական չէր, որ 2018թ.-ին Հայաստանում իշխանության եկավ հենց այդ գաղափարներով լեցուն ուժը, որը վեր կանգնեց եւ այդպես էլ շարունակելու է վեր կանգնել ազգայինից եւ մաքառել ու մաքառելու է տեղ գրավել համամարդկայինի բարձունքներում, աշխարհին ապացուցելով, որ աշխարհում այս հարցում էլ հայերին հավասարը չկա: Անկեղծ ասած, չափազանց զարմացած եմ, որ հատկապես այս օրերին իշխանությունների եւ մեր ժողովրդի՝ ժողովրդավարության ծիլերով տոգորված հատվածը չեն փնովում Ադրբեջանի կողմից իրականացվող (տարածքներ գրավելը) «հետամնաց» քայլերը, չեն պախարակում ու չեն փորձում նրանց ուղարկել սատանայի ճիրանների մեջ խանձվելու: Դե, երեւի նրանց վեհ ծրագրերում նման մանր ու ճղճիմ նպատակներ ընդգրկված չեն …

Այժմ՝ ըստ էության: Փաստացի պետությունը եւ ժողովուրդը լոյալ հետեւում են Հայաստանի տարածքների մաս-մաս գրավմանը, ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկում, հույսները դրել են ՀԱՊԿ-ի եւ Մուրադովի (ազգանունն էլ ոնց որ հայի լինի) վրա, որ նրանք պետք է ադրբեջանցիներին դուրս բերեն Հայաստանից գրաված տարածքներից (միամիտ հայ ժողովուրդ), դույզն անգամ չհասկանալով, որ եթե նրանց պետք լիներ, ապա թույլ չէին տա եւ նրանք էլ ռիսկ չէին անի մեկ սանտիմետր հատել Հայաստանի սահմանը եւ հիմա էլ տարածքներից դուրս գալու խնդիր չէր առաջանա: Ըստ ռուսական կողմի, կարեւորն այն է, որ այդ օրերին Հայաստանի այդ տարածքներում թուրքերը չեն կրակել, այսինքն՝ պահպանել են հրադադարը: Հետո ի՞նչ, որ մի քանի ուղղություններով թուրքերը մտել ու Հայաստանի տարածքից պլանավորված կերպով հանգիստ վերցրել ու դեռ վերցնելու են որոշակի տարածքներ, իսկ Հայաստանի իշխանությունները, ժողովրդի՝ «ժողովրդավար» հատվածը, ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ ի դեմս գեներալ Մուրադովի, չեն կանգնեցնում թուրքերի առաջխաղացումը եւ ըստ վերջինների, նրանք դա անում են առանց կրակոցների (չեն խախտում հրադադարը) եւ եթե մերոնք հանկարծ ու հանկարծ փորձեն կանգնեցնել նրանց խաղաղ շարժը, դա կարող է վերածվել կռվի եւ նորից կհայտնվենք պատերազմի մեջ (ի՞նչ է, Արցախը մեզ դաս չեղա՞վ)…

Թերթելով պատմությունը՝ պարզ կնկատենք, որ այլ ժողովուրդներից հայ ժողովրդի տարբերություններից մեկն էլ մշտապես այն է եղել, որ ճակատագրական իրավիճակներում (իսկ սա հենց այդ վիճակն է) մեր ժողովուրդը համախմբվում եւ ոչնչի առջեւ կանգ չառնելով, իր օջախին, իր հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բահից սկսած՝ մինչեւ վերջին զինտեխնիկայով անողոքաբար վռնդում է թշնամուն, ինչը զարմանալիորեն այս դեպքում չկա:

Ուղղակի ամոթ է ողջ հայ ժողովրդին, որ հատկապես Արցախի խայտառակ գրավումից հետո հանդուրժում է օրը ցերեկով ադրբեջանցիների մուտքը եւ հայկական տարածքների գրավումը, քանզի եթե պետական մակարդակով ռեալ քայլեր չեն արվում, ապա ժողովուրդը պարտավոր է ինքը դիմակայել թշնամուն եւ դուրս շպրտել գրաված տարածքներից: Հակառակ պարագայում, ուղղակի ոչ մի արդարացում չկա մեր ժողովրդին …

Համոզված եմ նաեւ, որ եւ մեր վերջին, եւ նախորդ պատերազմում զոհված մեր հերոսները, եթե հրաշքով մի պահ ելնեն գերեզմաններից ու տեսնեն այս ամենը, ապա ամոթից մի վայրկյանում անմիջապես բոլորը դարձյալ կմահանան, իսկ մենք այդ ամենը հաստատ, դարձյալ ճիշտ չենք հասկանա:

Ժամանակ չկա, մենք արդեն ուշացել ենք …

Նորից ու նորից հազար փառք մեր բոլոր նահատակներին …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

Հ.Գ. Փաստացի ստացվում է, որ այսօր Էրդողանը դարձել է այնպիսի մեկը, ով չի վախենում աշխարհի որեւէ երկրից, որտեղ ինչ ուզում՝ անում է եւ ամենը հանգիստ մարսում է: Հայաստանի նկատմամբ այս ագրեսիան էլ դրանցից մեկն է:

«Առավոտ» օրաթերթ
21.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31