Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կան հիմնավորումներ, որ ես միջամտում եմ որևէ գործի` ապա պատրաստ եմ ցանկացած իրավական պրոցեսի»․ Կարեն Սարուխանյան

Մայիս 21,2021 23:40

Ինչպես տեղեկացրել ենք, Aravot.am-ին էր դիմել գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ դժգոհելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, չարաշահելով իր դիրքը, միջամտում է իր պաշտպանյալի՝  Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանի դեմ հարուցված քրեական գործին։

Փաստաբանը մեզ  ասել էր, որ այդ գործով անցնում են Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականները՝ հանգուցյալ տատիկը, քեռին, քեռու որդին։

Քրգործի հիմքում այն է, որ Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանը վատնման եղանակով  հափշտակել է պատգամավորի տատիկի՝ Սեդա Փահլևանյանի աշխատավարձը։ Սեդա Փահլևանյանը տեղյակ չի եղել, որ ինքը գրանցված աշխատող է։

Մինչդեռ փաստաբանը պնդում է, որ  պրիմիտիվ եղանակով  գործ սարքելով՝ փորձում են դպրոցի տնօրենի պաշտոնից հանել տալ  Լուսինե Մելիքյանին, և որ պատգամավորի տատիկը, որը գրանցված է եղել Բյուրակնի միջնակարգ դպրոցում՝ որպես բակապահ, իրականում ստացել է իր աշխատավարձը։

Արամայիս Հայրապետյանի ասելով, կան բազմաթիվ վկաներ, որոնց Սեդա Փահլևանյանը ժամանակին տվել է իր քարտը ու խնդրել է բանկոմատից  կանխիկացնել  իր աշխատավարձը։ Ավելին, Սեդա Փահլևանյանը տեղեկանքներ է ներկայացրել սոցապ, որտեղ գրված է եղել աշխատավարձի ամսական չափը, սոցփաթեթից  է օգտվել, ապահովագրական ընկերությանն է փաստաթղթեր ներկայացրել, որտեղ դարձյալ նշված է աշխատավարձի չափը։

Փաստաբանը նաև նշում է՝ եթե անգամ տնօրեն Լուսինե Մելիքյանը  հափշտակել է  Սեդա Փահլևանյանի աշխատավարձը, ապա պատասխան պետք է տա նաև պատգամավորի քեռին՝ Մանվել Խոջումյանը, որն այդ ժամանակահատվածում  փոխտնօրեն է եղել ու ստորագրել է տարիֆիկացիոն ցուցակները, որտեղ նշված է  ինչպես  Սեդա Փահլևանյանի անուն-ազգանունը, այնպես էլ աշխատավարձի չափը։

Փաստաբանը  նախաքննական մարմնից  ու դատախազից  պահանջում է՝ գործը քննել օբյեկտիվ և իրավաբանությունը չվերածել ծաղրուծանակի։ Ըստ նրա, նախաքննական մարմինը զլանում է դատահաշվապահական փորձաքննություն նշանակել, համապատասխան փաստաթղթեր առգրավվել, ժամանակին կանխել են  նաև առերեսումների անցկացումը։ Նախաքննական մարմնի համար միակ հիմնավորումը Սեդա Խոջումյանի խոսքն է, որ ինքը իբրև չի իմացել, որ գրանցված է որպես աշխատող  ու իր աշխատավարձը յուրացրել են։

Փաստաբանը պնդում է, որ քննիչը կաշկանդված է, պատգամավորը ճնշումներ է գործադրում։

Ինչևէ, այս թեմայի շուրջ մենք պարզաբանումներ ստացանք նաև պատգամավոր Կարեն Սարուխանյանից։

Պատգամավորն ասաց․ «Եթե կան հիմնավորումներ, որ ես միջամտում եմ որևէ գործի` ապա պատրաստ եմ ցանկացած իրավական պրոցեսի։ Իսկ կասկածները շատ քիչ են մարդու անուն տալու և իր կասկածների հիման վրա նման ձևակերպումներ անելու համար, մանավանդ, երբ նման ձևակերպումներ անողը փաստաբան է։

Փաստաբանի նման պահվածքը ինձ թույլ է տալիս կասկածել, որ հենց այդ գողացված և թալանված գումարներից իրեն այսօր մեծ չափաբաժին է հասնում։

Մնացածը իրավական հարթությունում է, և, այո, ես որպես քաղաքական գործիչ, որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ հետամուտ եմ լինելու, որ բոլոր թալանչիները պատասխանատվության ենթարկվեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31