Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան․ «Այդ փաստաթուղթն ընդունելի չէ, քանի որ արդյունքում ՀՀ-ն հրաժարվում է շահեկան՝ 1-ին հանրապետության տարիների սահմանների նկատմամբ որեւէ պահանջներից»

Մայիս 21,2021 23:20

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով աշխատանքային փաստաթղթին, որը վարչապետի պաշտոնակատարը մտադիր է ստորագրել, ասաց՝ առնվազն հայտնի փաստերից է այն, որ փաստաթղթում կարծես թե շրջանառվում է ԽՍՀՄ վերջին վարչատարածքային սահմանների հիման վրա սահմանազատման նպատակ, թե հանձնաժողով է լինելու, ինչ է լինելու, նպատակը դա է։

«Դա բոլորովին ընդունելի չէ, քանի որ դրա արդյունքում Հայաստանը փաստացի հրաժարվում է իր համար շահեկան՝ 1-ին հանրապետության տարիների սահմանների նկատմամբ որեւէ պահանջներից, իսկ դա ենթադրում է 1100 կմ տարածք»,-ասաց պարոն Խզմալյանը։ Եւ, ըստ այդմ, ըստ պարոն Խզմալյանի, նման փաստաթուղթ ստորագրելը միանշանակ ընդունելի չէ․ «Ավելին, դա ենթադրում է տարածքային փոփոխություններ Հայաստանի հանրապետության համար, տարածքի որեւէ փոփոխությունը սահմանադրությամբ այս պահին սահմանված սահմանների, առանց հանրաքվեի, սահմանադրական լուրջ խնդիր է առաջացնելու»։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ պետության տարածքի փոփոխությունը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։

Եթե հանձնաժողովը ստեղծվի, ապա մենք որ թվի քարտեզներով պետք է առաջնորդվենք կամ պնդենք այդ քարտեզները, մասնագետն այս հարցին ի պատասխան, ասաց․«Մենք պետք է խոսենք առաջին հանրապետության կոնտեքստում»։ Մեր ճշտմանը՝ այդ դեպքում Թուրքիան է խառնվելու գործում, պարոն Խզմալյանն այսպես պատասխանեց․«Այո, ինչու՝ ոչ։ Ըստ էության, պետք է հասկանան, որ չի կարելի բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելով՝ պահպանել պետական շահը»։

Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե՝ Հայաստանն ինչ սահմաններով է միջազգայնորեն ճանաչվել, պարոն Խզմալյանն ասաց՝ չկա միջազգային կառույց, որը սահմանների ճանաչմամբ կզբաղվի, սահմանները պետությունների կողմից են որոշվում, փոխադարձ ճանաչվում եւ ընդունվում։ «Քանի կա տարածքային վեճ, պետությունը չի ընդունում կոնկրետ սահմանի անցման վայրի այն տարբերակը, որը դիմացի պետությունն է առաջադրում, մենք չունենք միջազգայնորեն որոշված սահմաններ։ Երբ ես ասում եմ՝ միջազգայնորեն որոշված սահման, իրականում խոսում եմ երկու պետությունների միջեւ համաձայնության մասին, ոչ թե երրորդ կողմի հաստատման կամ որոշման։ Տեսականորեն, միջազգային դատական ատյաններին կարելի է դիմել տարածքային պատկանելության հարցի որոշման համար, բայց դրա համար երկու պետությունները պետք է համաձայնվեն եւ դիմեն միջազգային դատական ատյան։ Չկա նման գաղափար՝ ինչ-որ մեկի կողմից ճանաչված միջազգային սահման, պետությունները ճանաչում են միմյանց, ճանաչում են տարածքային ամբողջականությունը, բայց դա կոնկրետ սահմանների ճանաչում չի ենթադրում»։

Արդյոք այս փաստաթղթի ստորագրումը կազդի Արցախյան խնդրի վրա։ Ի պատասխան այս հարցի էլ, պարոն Խզմալյանն ասաց․«Անշուշտ, նման գործողությունը բացասական ազդեցություն կունենա, քանի որ Հայաստանի հանրապետությունը կարող է իրեն որպես առաջին հանրապետության իրավահաջորդ դիրքավորել, ըստ այդմ, բացի ինքնորոշման սկզբունքից, նաեւ ուղիղ տարածքային տիտղոսի վրա պահանջներ դնել։ Ուստի, այդ փաստաթուղթը որեւէ կերպ ընդունելի չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31