«Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 20-ին Սեւ լճի շրջակայքում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած միջադեպին։ Միջադեպի ընթացքում, չնայած հայկական կողմը զինված էր, բայց երկուստեք, ըստ մեր տեղեկությունների, ձեռնամարտ էր տեղի ունեցել։
Aravot.am-ի տեղեկություններով, միջադեպի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, 32–ամյա Հովհաննես Մխիթարյանը։ Նրան գիշերը տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Զինծառայողի մոտ դիմածնոտային կոտրվածքներ են, նա վիրահատվել է։ Բժիշկները զինծառայողի վիճակը ծանր կայուն են գնահատում։
Նշենք, որ Մխիթարյանն այն զինծառայողն է, որը պարետի որոշմամբ՝ սահմանված դիմակ չկրելու համար 10 հազար դրամի չափով վարչական տույժի էր ենթարկվել։ Ի դեպ, վարչական տույժի մասին ծրարը փոստատարը բերել էր սեպտեմբերյան պատերազմի թեժ օրերին, երբ Հովհաննեսը առաջնագծում էր։
Մեր՝ «Զինվորականին տուգանել են դիմակ չկրելու համար» հրապարակումից հետո, ոստիկանությունը կարճել էր վարույթը։ Ավելացնեմ, որ Հովհաննեսի երկու եղբայրները նույնպես պայմանագրային զինծառայողներ են։
Կարդացեք նաև
Հովհաննես Մխիթարյանի հարազատները Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չցանկացան որեւէ մեկնաբանություն անել՝ նշելով, որ հիմա կարեւորը Հովհաննեսի առողջությունն է, եւ շնորհակալություն հայտնեցին բժիշկներին բարյացակամ եւ չափազանց ուշադիր վերաբերմունքի համար։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հայերի եւ ադրբեջանցիների ծեծկռտուքի հետեւանքով Հայաստանի ԶՈՒ 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ԶՈՒ ծառայողներին հաջողվել է հակառակորդին հետ ուղարկել նրանց ելման դիրքեր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը` Գորիսի համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան էջից: