Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ձևաչափով` այդ թվում ռազմական միջամտությամբ, երաշխավորել ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը

Մայիս 21,2021 23:10

Ամերիկայի Միացյալ Նահանգներին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությանը Ֆրանսիական Հանրապետությանը

Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ զավթողական քաղաքականությունը և ագրեսիայի ակտերը։ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են գալիս իրենց զբաղեցրած դիրքերից և տարբեր հատվածներում առաջ են շարժվում Հայաստանի Հանրապետության տարածքում։

Նրանք առանց որևէ հիմքի և ի հակառակ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի պատճառաբանում են, թե դա իրենց տարածքն է։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ այս անթաքույց ագրեսիան տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության գիտությամբ և փաստացի հովանավորությամբ։

Ռուսաստանի Դաշնությունը երևույթը ներկայացնում է որպես դելիմիտացիայի (սահմանազատման) գործընթաց, մինչդեռ իրականում Թուրքիայի հետ միասին Ադրբեջանի Հանրապետության ձեռքով Հայաստանի Հանրապետության նկատմամբ վարում է սողացող ագրեսիվ պատերազմ։

Ավելին՝ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով ձևավորվող բաժանարար գիծը պարտադրել որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դելիմիտացված (սահմանազատված) սահման։

Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ստորագրելով կապիտուլյացիոն բնույթի պահանջներ պարունակող նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը, ամբողջությամբ հայտնվել է Ռուսաստանի Դաշնության թելադրանքի ներքո և ազգային շահերի հաշվին սպասարկում է նրա շահերը, ինչի հետևանքով այլևս լեգիտիմ չէ և չի ներկայացնում հայ ժողովրդին։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է ագրեսիայի, սակայն փաստացի չունի ազգային կառավարություն, որը պետության իրավասուբյեկտությունն ապահովող հիմնական հատկանիշներից մեկն է։

Նման իրավիճակում, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ դիմում ենք ձեզ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններիդ, և խնդրում ենք ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու նպատակով գործուն քայլերի միջոցով երաշխավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ֆրանսիայի պատրաստակամության հաշվառմամբ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան դադարեցնելու, մասնավորապես՝ նրա Զինված ուժերի ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու, համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ և Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31