ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Միքայելյանի հայտարարությունը՝ ստորեւ․
«Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական վիճակն էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն ձեռնպահ եմ մնացել քաղաքական որեւէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քաղաքական արտահայտության երկրապահը կներքաշվեր քաղաքական գործընթացի մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձեւավորելու ընդունելի ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունները, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։
Կարդացեք նաև
Լինելով արցախյան հաղթական ազատամարտի զինվոր եւ հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։
Նման եւ այլ հանգամանքներից ելնելով որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու իմ կոչմանը»։