Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթին կից կա նաեւ հավելված, որից տեղյակ են Արսեն Թորոսյանն ու Վլադիմիր Կարապետյանը. Վահե Գասպարյան

Մայիս 21,2021 21:01

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) հերթական հանրահավաքն այսօր  Ազատության հրապարակում էր: ԱԺԲ-ի համակիրները «Պուտին, Ալիեւ ձեռքներդ հեռու քաշեք Հայաստանից» գրությամբ ցուցապաստառներ էին բռնել:

«Տեղի ունեցավ Լավրովյան պլանի իրագործման փորձ: Խոսքը սահմանազատման պայմանագրի մասին է: Վարչապետի աթոռը զբաղեցնողը պարզվեց՝ մի քանի օր է բանակցում է մեր թշնամիների եւ իր տերերի` Վլադիմիր Պուտինի եւ Ալիեւի հետ»,-իր ելույթում ասաց  Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Ապա հայտարարեց` վիժեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագրի կնքումը: Նրա խոսքով, ԱԺԲ-ի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «միանձնյա, անպատասխանատու դավաճանական որոշումներ կայացնելու հերթական դրսեւորումը»:

Ըստ Վահե Գասպարյանի, փաստաթուղթը, որով նախատեսված է սահմանազատում եւ սահմանագծում, իր բնույթով հանրաքվեի հիման վրա կնքվող եւ վավերացվող միջազգային պայմանագիր է. «Փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր կարգավիճակի բերումով ոչ միայն չունի նման պայմանագիր ստորագրելու իրավազորություն, այլեւ զուրկ է լեգիտիմության հիմքերից`համազգային նշանակության նման կարեւորագույն հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով»:

Ըստ նրա, այդ հարցը չի կարող լուծվել Խորհրդային միության կողմից ապօրինի կերպով կատարած վարչատարածքային բաժանման հիման վրա եւ նման մոտեցումը որեւէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ եւ չի կարող դրվել բանակցությունների հիմքում: Ասաց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթն այժմյան ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի որոշումն է, որի տակ դրված են այդ կազմակերպության խորհրդի անդամներ` Ֆրանսիայի, մեծ Բրիտանիայի Իտալիայի եւ Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները. «Այդ հարցը կարող է լուծվել այդ փաստաթղթի հիման վրա եւ Հայաստանի ժողովրդից լեգիտիմություն ստացած իշխանության օրոք միայն»:

Վահե Գասպարյանն աշխարհասփյուռ հայերին կոչ արեց ընդդիմանալ «ազգադավ գործընթացին» եւ վիժեցնել դրա իրականացումը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է սահմանազատել Հայաստանն Արցախից. «Նա ուզում է ասել` այս կողմում Հայաստանն է, այն կողմում Արցախը` Ադրբեջանը: Ղալաթ ես անում Նիկոլ»:

Վահե Գասպարյանը Ալիեւին էլ ասաց, որ «ղալաթ է անում», երբ ասում է Արցախի կարգավիճակի հարցն այլեւս փակված է: Ասաց, որ Իրանը խիստ անհանգստացած է սահմանազատման փաստաթղթով եւ իրենց ունեցած տեղեկություններով Իրանի 10 գեներալ ժամանել են Հայաստան: Ըստ Վահե Գասպարյանի փաստաթղթին կից կա նաեւ հավելված, որից տեղյակ են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը եւ վարչապետի նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որն, ըստ նրա, ապահովել  է Ալիեւի եւ Փաշինյանի կապը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31