ՀՀ վարչապետի պաշտոնակատար Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր ԱԺ փոխնախագահ, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ մասնակցեցինք Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:
Դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների եւ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցների միջեւ։
Սա մարզային 4-րդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից»:
Ի դեպ, Սյունիքի մարզպետարանը դեռ ապրիլի 26-ին մամլո հաղորդագրություն էր տարածել, որով հայտնել էր, որ տեղի է ունեցել Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը, որին ներկա էին եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Գրեթե մեկ ամիս առաջ մարզպետարանի տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր.
2020թ․ դպրոցի թիմը մասնակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Իմ քայլը» հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ գործակցությամբ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում անցկացված «Մանկական լիգա» հեռուստանախագծին։ Դպրոցի փոքրիկ մարզիկները մարզիչ Գ. Ալիխանյանի գլխավորությամբ 2020 թ. փետրվար-մարտ ամիսներին մասնակցել են մրցումների հինգ փուլին՝ բոլոր փուլերում ու կիսաեզրափակիչում գրավելով առաջին, 5-րդ փուլում՝ երկրորդ պատվավոր տեղը։
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից հեռուստանախագծում 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերին տրամադրվել է սպորտային գույք, հիմնանորոգվել են դպրոցի մարզադահլիճը, հանդերձարանները:
Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2020թ. օգոստոսին եւ ավարտվել այս տարվա մարտին։
Միջոցառման ընթացքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով դպրոցին հիմնանորոգված մարզադահլիճ ունենալու կապակցությամբ ու շնորհակալություն հայտնելով հաղթող թիմին, մարզչին ու մասնակից աշակերտներին պատվոգրեր հանձնեց։
Իսկ դպրոցը ներկայացրեց վերջին տարիներին իր գրանցած հաջողությունները թե՛ կրթության, թե՛ այլ ոլորտներում։