«Մի երեխա ունեի, որ խոսքի հետ կապված խնդիր ուներ: Երկար ժամանակ չէր խոսում: Նրա հետ աշխատելուց հետո պարզվեց, որ չէր խոսում, քանի որ իրեն թվում էր, որ խոսելն իրար վիրավորելն է: Ծնողերն այնքան էին վիճում, որ այդ երեխան ուղղակի հոգեբանական ռեգրեսիայի էր ենթարկվել ու չէր խոսում»,-Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում մեզ հետ զրույցում պատմեց հոգեբան Եվա Օհանյանը:
Նա փաստեց՝ ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ երեխաների նևրոզների պատճառը գալիս է մանկությունից և հենց ծնողերի հետ հարաբերություններից: Հոգեբանը պարզաբանեց. «Մեր բոլոր նևրոտիկ, վարքային խնդիրները, խանգարումներն առաջանում և ամրապնդվում են մանկության ժամանակ»: Հոգեբանի ներկայացմամբ՝ ինչ մեզ համար այնքան էլ ցանկալի չէ, մանկական այդ հիշողությունները գնում են ենթագիտակցություն:
Նա մանրամասնեց. «Ծնողների վեճերն ամենատրավմատիկ իրադարձություններն են, որոնք ազդում են երեխայի հոգեկանի համար: Նույնիսկ, եթե երեխան կարող է շեղված լինել խաղով, կամ չնկատել այդ վեճը, այդ փոխհարաբերությունները, լարվածությունը, ինքն ամեն ինչ, միևնույն է, տեսնում է, և դա ազդում է նրա հոգեկանի վրա: Այսպես ասած՝ երեխան իր ներքին հոգեկան հաշվապահությունն ունի: Հատկապես, երբ երեխան գտնվում է տարիքային ճգնաժամերի փուլերում՝ մեկ տարեկան, երեք տարեկան, նախադպրոցականի ճգնաժամ և ամենավտանգավորը դեռահասության շրջանն է, քանի որ այդ վեճերը, ծնողների բաժանությունները, վատ խոսքերը, ինչ երեխան լսում է ծնողներից, ինքն իր ձևով է ընկալում, և իր մեջ արդեն ձևավորվում է ապագայի նկատմամբ վախ, անվստահություն և աշխարհի նևրոտիկ ընկալում: Ծնողական վեճերից ամբողջ կյանքի համար երեխան ստանում է այն ձևակերպումը, որ աշխարհն անապահով տեղ է: Եթե հայրը ծեծում է երեխայի մայրիկին, և դա տեսնում է աղջիկ երեխան, նա անպայման ենթագիտակցորեն կընտրի բռնարար տղամարդու: Իսկ տղա երեխան կսկսի նմանակման մոդելը տանել իր ընտանիք, կամ կխուսափի ընդհանրապես ընտանիք կազմել»:
Կարդացեք նաև
Երեխայի հոգեկան և հոգեբանական վիճակի բարդություններից խուսափելու համար հոգեբանը ծնողներին հորդորում է չվիճել երեխայի ներկայությամբ, անել ամեն ինչ, որպեսզի այդ վեճերին երեխան մասնակից չդառնա. «Պետք է փորձել ավելի շատ շփվել երեխայի հետ, խոսել, բացատրել նրան, որ կյանքում ամեն ինչ լինում է: Պետք է նաև երեխայի հետ շատ խաղալ, քանի որ նրանց համար խաղն առաջնային է: Ծնողները պետք է ինքնատիրապետեն իրենց, աշխատեն սեփական զգացմունքների վրա»:
Հոգեբանը հորդորում է որքան հնարավոր է երեխաներին զերծ պահել ընտանեկան վեճերից, փոխարենը նրանց հաճախ գրկել, խաղալ նրանց հետ, ասել, որ սիրում եք նրանց, թույլ չտալ, որպեսզի բացասական տեղեկատվությունը հասնի երեխային, մի խոսքով, երեխային չկտրել մանկությունից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ