Aravot.am-ին է դիմել գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ դժգոհելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, չարաշահելով իր դիրքը, միջամտում է իր պաշտպանյալի՝ Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանի դեմ հարուցված քրեական գործին։
Իսկ քրգործը, ըստ փաստաբանի, ստանդարտ չէ․ այս գործով սերտորեն անցնում են պատգամավոր Սարուխանյանի հարազատները՝ հանգուցյալ տատը՝ Սեդա Փահլևանյանը, քեռին՝ Մանվել Խոջումյանը, որը նախկինում եղել է այս նույն դպրոցի տնօրենը, այնուհետ՝ դաստիարակչական գծով փոխտնօրենը։ Այժմ պաշտոնից ազատված է։
Արամայիս Հայրապետյանի ներկայացնելով, տնօրեն Լուսինե Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր հափշտակել է Կարեն Սարուխանյանի տատիկի՝ Սեդա Փահլևանյանի աշխատավարձը։
Տնօրենին առաջադրված մեղադրանքում նշվում է, որ Սեդա Փահլևանյանը գրանցված է եղել Բյուրակնի միջնակարգ դպրոցում՝ որպես բակապահ, սակայն չի իմացել, որ աշխատող է, գրանցումը եղել է ձևական, աշխատանքի չի հաճախել, իսկ նախատեսված աշխատավարձը տնօրեն Լուսինե Մելիքյանը վատնման միջոցով հափշտակել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Կարդացեք նաև
Մինչդեռ փաստաբան Արամայիս Հայրապետյանը պնդում է՝ Կարեն Սարուխանյանի հանգուցյալ տատիկն ամեն տարի տեղեկանք է վերցրել դպրոցից, որտեղ գրված է աշխատավարձի չափը, ներկայացրել է սոցապ։ Բացի այդ, նա օգտվել է սոցիալական փաթեթից, որտեղ դարձյալ գրված է աշխատավարձի չափը, ամեն տարի որպես վարձու աշխատող բուժզննում է անցել, դիմել է բանկ՝ քարտ է ստացել, աշխատավարձը փոխանցվել է այդ քարտին։
«Պատգամավորի տատիկը բանկային քարտը տվել է մի շարք անձանց, որոնք բանկոմատից գումարը կանխիկացրել, իրեն են հանձնել, միայն չորս հոգու ես եմ հարցաքննել։ Այդ մարդիկ կենդանի են, բայց այսքանով հանդերձ՝ պետությունը հավատում է, որ պատգամավորի տատիկը՝ Սեդա Փահլևանյանն իբր չի իմացել, որ ինքը վարձու աշխատող է։
Հիմա ես ասում եմ, որ եթե Սեդա Փահլևանյանի աշխատավարձը տնօրենի կողմից հափշտակվում է, դրան առնվազն օժանդակել են Սեդա Փահլևանյանը և նրա որդին ՝ Կարեն Սարուխանյանի քեռին՝ Մանվել Խոջումյանը, որն այդ ժամանակահատվածում որպես փոխտնօրեն՝ ստորագրել է տարֆիկացիոն ցուցակները, որտեղ Սեդա Փահլանյանի անուն-ազգանունը նշված է եղել և նշված է եղել աշխատավարձի չափը։
Հիմա այսքան փաստական հանգամանքներով ինձ ուզում են համոզել, որ Սեդա Փահլևանյանը, որը ցուցմունք է տվել, թե ինքը տեղյակ չէ, որ գրանցված է՝ որպես վարձու աշխատող, իրականությունն այդպես է եղել։
Ես խորը կասկածներ ունեմ, որ այս գործը ուղղորդվել է Կարեն Սարուխանյանի կողմից, որովհետև Լուսինե Մելիքյանն ամենամեծ «հանցագործն» է, ինքը նախկին է։ Մեր Քրեական օրենսգրքում չկա, որ նախկին լինել նշանակում է հանցագործ լինել, փոխարենը կա մեր պրակտիկայում, նախկին ես, ուրեմն՝ վերջ, հանցագործ ես։
Լուսինե Մելիքյանին ցանկանում են քրգործով մեկուսացնել տնօրենի պաշտոնից։ Ընդ որում Սարուխանյան Կարենն այդ նույն դպրոցում որպես ուսուցիչ է աշխատել, և պատկերացրեք՝ որևէ մեկը տեղյակ չէ, որ Սեդա Փահլևանյանը գրանցված է՝ որպես վարձու աշխատող»։
Փաստաբանը նշում է, որ պատգամավորի տատիկն այդ դպրոցում առաջին անգամ աշխատանքի է ընդունվել իր որդու՝ Մանվել Խոջումյանի տնօրեն լինելու ժամանակ։ Նոր տնօրենի ժամանակ էլ՝ 2010 թվականին, նորից ընդունվել է աշխատանքի՝ որպես բակապահ։
Արամայիս Հայրապետյանը նշում է, որ շատ թույլ փաստարկով են գործ սարքում՝ հիմքում դնելով միայն Սեդա Փահլևանյանը խոսքը, որ իբր տեղյակ չէր, որ ինքը վարձու աշխատող էր։
Ի դեպ, փաստաբանը բողոքներ է ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին՝ մանրամասն շարադրելով նախաքննական մարմնի սուբյեկտիվ լինելն ու պատգամավորի կողմից կառավարվելը։ Այդ փաստաթուղթը մեր ձեռքի տակ է։
Մեր ձեռքի տակ է նաև փաստաբանի՝ Կարեն Սարուխանյանին ուղղված հարցումը։ Այդ ժամանակ Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետ էր։
Մարզպետ Սարուխանյանին ուղղված հարցման մեջ Արամայիս Հայրապետյանը մասնավորապես գրել էր․ «Քրեական և քաղաքացիական գործով ընթացող վարույթներում բացառապես օրենքի պահանջների կիրառման անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ վարույթներով պարզման ենթակա հարցերի կապակցությամբ ձեր ազգական Մանվել Խոջումյանի կողմից դպրոցում կազմակերպվել են մի շարք ակցիաներ, որտեղ ակնարկ է կատարվել քաղաքական բնույթի հնարավոր հաշվեհարդարների մասին՝ կապված Ձեր՝ Շիրակի մարզպետ նշանակվելու հնարավորության հետ։ Առկա են նաև տեղեկություններ այն մասին, որ կրկին նշվածով պայմանավորված՝ մեսիջներ են ուղարկվում Լուսինե Մելիքյանին՝ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված հնարավոր հետևանքների մասին»:
Փաստաբանի ասելով, ինքը հորդորել էր այն ժամանակվա մարզպետ Սարուխանյանին՝ չուղղորդել քրգործը, միջամտություն չկատարել ու թույլատրել՝ քրգործի օբյեկտիվ քննությամբ բացահայտել ճշմարտությունը։
«Բայց այն մեղադրանքը, որն այսօր Լուսինե Մելիքյանին առաջադրում են և ցանկանում են դատարան ուղարկել, աբսուրդ է։ Հիմնավորումը ո՞րն է․ Սեդա Փահլևանյանն ասում է՝ տեղյակ չէի, որ վարձու աշխատող էի, տնօրենն է այդ ամեն ինչը սարքել, գումարներն էլ դուրս է գրել։
Այսինքն՝ ո՞նց տեղյակ չէիք, էդ տեղեկանքները, որ տանում էիք սոցապ, մեջը գրված էր աշխատավարձի ամսական չափը, չէի՞ք նայում՝ ինչ աշխատավարձ է, կամ սոցփաթեթից օգտվում էիք, գումարներ էիք կանխիկացնում, գնում էիք հանգստանալու, ապահովագրական ընկերություն փաստաթղթեր եք ներկայացնում, չէի՞ք նայում ինչ աշխատավարձ է։
Եվ ընդհանրապես ցանկացած քրգործ, որը պահանջում է մասնագիտական գիտելիքներով լուծում, այսպիսի խայտառակ իրավիճակ է լինում, երբ դրան միջամտում են ոչ մասնագետները։ Տպավորությունն այնպիսին է, որ շինարարի ցուցումով վիրաբույժը վիրահատություն կատարի։ Բնական է, որ կույրաղիքի փոխարեն պիտի լյարդը հեռացնի։ Հիմա նույն իրավաբանությունն է՝ չի կարելի ոչ մասնագետների քմահաճույքով քրեական գործի ելքեր որոշել։ Դատարանում ուղղակի խայտառակ եք լինելու»,- նախազգուշացնում է փաստաբանը։
Նա նաև նշում է, որ նախաքննական մարմինն աչք է փակում հանցագործությունն օժանդակողների վրա, կարճում է նրանց նկատմամբ հարուցված քրգործերը։
«Լավ, ենթադրենք Լուսինե Փահլևանյանը կատարել է այդ հանցագործությունը, բա օժանդակողներն ո՞ւր են։ Ի՞նչ է՝ Սեդա Փահլևանյանն օգտվում է Ազգային Ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունի՞ց։ Չնայած Սեդա Փահլևանյանը մահացել է, Աստված հոգին լուսավորի, բայց այն ժամանակ, երբ դեռ ինքը կենդանի էր, մենք ասացինք՝ առերեսում անել, թույլ տվեք պաշտպանը հարցեր տա Սեդա Փահլևանյանին, կանխեցին, թույլ չտվեցին։ Ինչո՞ւ, որովհետև մերկացվելու էր սուտը։
Սեդա Փահլևանյանը դիմում է վարչապետին, դիմումի մեջ ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում։ Հիմա այդ դիմումը ինքն է գրե՞լ, թե՞ որևէ մեկը Սեդա Փահլևանյանի մասին է գրել, տվել է, ինքն արտագրել է։ Քննիչին սա չի հետաքրքրում, իսկ ինչու չի հետաքրքրում, որովհետև եթե այս գործը մեղադրական եզրակացությամբ չգնա դատարան, միգուցե քննիչի անունը հնչի Ազգային Ժողովի ամբիոնից։
Քննիչը կաշկանդված է և այդ հիմքով բացարկ եմ հայտնել նրան։ Իրավագիտությունը ինչքան էլ ձևախեղեք, մի դրեք ծիծաղելի վիճակի մեջ։ Չի կարելի այսքան պրիմիտիվ գործեր քննել, փորձաքննություն չեն նշանակում։ Պատկերացրեք այսպիսի բարդ գործով դատահաշվապահական փորձաքննությունը միակ քիչ, թե շատ արդյունավետ միջոցն է գումար հաշվարկելու։ Քննիչն ինքն իրեն գումար, հանում, որոշում է, որ այսքան հափշտակվել է»։
Ըստ փաստաբանի, նախաքննական մարմինը զլացել է անգամ անհրաժեշտ փաստաթղթերն առգրավվել, այնքան են չլչլել, որ երբ գնացել են առգրավվելու, դրանք այլևս չեն եղել։
«Փաստաթղթերը չկան, չեն կարող Սեդա Փահլևանյանին դրանով մեղադրել, բայց չեղած փաստաթղթերով Լուսինե Մելիքյանին կարող են մեղադրել։ Ողջամիտ դիտորդն արդյոք չի կարող կասկածե՞լ, որ Ազգային ժողովի պատգամավորը, որը հանրային ռեսուրսների տիրապետող անձ է, իշխանական պատգամավոր է, որը հրապարակայնորեն մեսիջ է ուղարկել այս քրեական գործով , ազդում է քրգործի վրա»,-հարցնում է Արամայիս Հայրապետյանը։
Մեր հարցին՝ ի՞նչն է շահագրգռում Կարեն Սարուխանյանին միջամտելու քրգործին ու պարտադիր պատժելու տնօրենին, փաստաբանն ասաց, որ նախ տնօրեն Լուսինե Մելիքյանը նրա քեռուն՝ Մանվել Խոջումյանին ազատել է աշխատանքից։ Ընդ որում, այդ հրամանը վիճարկվել է դատարանում ու մնացել է ուժի մեջ։ Բացի այդ, ըստ փաստաբանի, խոսակցություններ են շրջանառվում, որ տնօրեն պետք է լիներ կամ Սարուխանյանի քեռին կամ քեռու որդին, որը դպրոցում ուսուցիչ է։
«Քեռու որդին կեղծիքներ է կատարել, քննիչը հաստատում է , որ կեղծիքներ է կատարել, բայց ասում է՝ ոչինչ, ձևական է, վտանգավոր չէ։ Այսինքն՝ դաս չի պարապել, հետո եկել, լրացրել է, երեխայի կրթության իրավունքն է խախտվել, բայց որ Սարուխանյան Կարենի քեռի որդին է , պետության համար վտանգավոր չէ, ոչինչ։ Բայց ես տասնյակ դեպքեր ասեմ, երբ այդ նույն փաստական հանգամանքներով տասնյակ գործեր ուղարկվել են դատարան։ Տարբերությունը միայն այն է, թե ով ում բարեկամն է։
Հիմա եկեք ինձ համոզեք, որ սա սովորական իրավական ընթացակարգ է, ոչ թե վերևից ուղղորդվող միջամտության հետևանք»։
Փաստաբանը պահանջում է՝ նման աբսուրդ ձևով չավարտել նախաքննությունը ու այս վիճակում գործը չուղարկել դատարան։
Նա բացարկ է հայտնել քննիչին։ Բացի այդ, երկու բողոք է ներկայացրել ՝պահանջելով պարզաբանել, թե ինչու Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականների նկատմամբ քրգործերի վարույթները կարճել են՝ հանցակազմով, որ իբր նրանք ոչինչ չեն արել։
«Ես չեմ ասում՝ դադարեցրեք քրեական հետապնդումը տնօրենի նկատմամբ։ Ես ասում եմ՝ եթե դա ճիշտ է, ամբողջական գնահատական տվեք, եթե դա ճիշտ չէ, որովհետև իբր մյուսները բան չեն արել, մի շարունակեք այս քաղաքական մեսիջներով հետապնդումը։ Եվ ամենակարևորը՝ ոչ մասնագետ անձանց թույլ մի տվեք քաղաքական կամ ցանկացած այլ նպատակներով միջամտել քրգործին», -պահանջում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Մենք այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել մյուս կողմերի՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի, ինչպես նաև նախաքննական մարմնի պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ