Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գամբիթ երրորդ նախագահից

Մայիս 21,2021 17:55

Ինչ-որ պահից մեր երկրի երրորդ նախագահը հասկացավ, որ գոյություն ունեցող հանցավոր ռեժիմը հնարավոր չէ մաքրել: Երկիրը գնում էր կործանման և հեղափոխությունն անխուսափելի էր:

Ինչ է անում մտածող մարդը, երբ տեսնում է անխուսափելի վտանգը: Ի տարբերություն վախկոտի, ով հիստերիայի մեջ է ընկնում, փորձում է մեղմացնել հարվածը: Այսինքն, չկարողանալով մաքրել իր շրջապատը կեղտից, քանի որ իշխանության գալով նրանցից շատերին պարտական էր, ստիպված հեղափոխություն է իրականացնում: Սակայն դա հեշտ գործ չէ, երբ բոլոր պաշտոններում ամբիցիոզ մարդիկ են նստած:

Քայլ համար մեկ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը ղարաբաղյան կլանի մասնիկ է՝ փոխարինում է Վիգեն Սարգսյանով, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին` Վլադիմիր Գասպարյանով, քանի որ ավելի է վստահում և համոզված է, որ նա Ռոբերտ Սեդրակիչի թելը չի թելի: Հաջորդը գլխավոր դատախազն էր, որը, բախտի բերմամբ, թե պատահմամբ, արդեն վաղուց թեև անցել էր թոշակի տարիքը, սակայն չափից ավելի շատ բան գիտեր, ուստի նրան պետք չէր նեղացնել՝ այդ իսկ պատճառով ստեղծվեց քննչական կոմիտեն, իսկ դատախազությունը տրվեց Գևորգ Կոստանյանին, բայց վերջինիս ամբիցիաները և իմ սուբյեկտիվ կարծիքով Սեդրակիչին նվիրվածությունն այնքան մեծ էր, որ ստիպված էր առաջին իսկ հարմար պահին փոխարինել ավելի համեստ, ինտելիգենտ Արթուր Դավթյանով:

Այս պահին էր, որ Ռուսաստանն առաջին անգամ գլխի ընկավ, որ ինչ-որ բան այն չէ, ուստի ստիպված էր փոխել վարչապետին և ռուսական կլանային համակարգից ներմուծել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղակայված Կարեն Կարապետյանին: Սա այն երաշխիքն էր, որ Հայաստանը պետք է շարունակի իր ռուսամետ թեկուզ ցավալի քաղաքականությունը: Իսկ որ այն ցավալի է լինելու Հայաստանի համար, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չգիտեր, ապա հասկացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, ինչը փորձն էր սպասվելիք գլոբալ հակամարտության: Թեև համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ռուս-թուրքական ոչ հայամետ պլանի մասին առաջին անգամ կռահել է ֆուտբոլային դիվանագիտության կամ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մտնելու Պուտինի առաջարկին ստիպված համաձայնություն տալու օրերից: Եվ նա արեց այս վիճակում առավելագույնը, ինչ հնարավոր էր:

Դժվար է ասել, թե ինչ էր Սասնա ծռերի ՊՊԾ գնդի գրավումը՝ կանխատեսվա՞ծ բացթողում, թե՞ Նիկոլ Փաշինյանի վերելքի սկիզբը, երբ նա առաջին իսկ վայրկյանից իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը և փորձում էր օգտվել «Սասնա ծռերի» անհնազանդությունից՝ այն հեղափոխության վերածելու նպատակով, թե՞ իրոք լավ առիթ էր իշխանությունը հանձնելու համար, բայց երբ ապստամբները քշեցին Նիկոլին, նա ստիպված եղավ ցրել Սարի Թաղի ցույցերը և հանդարտեցնել երկիրը:

Ինչևէ այս հանգամանքն արդեն իսկ վախեցրել էր Ռուսաստանին և հետաձգեց պատերազմը, քանզի ակնհայտ էր, որ թեև մինչև ատամները զինված, սակայն անմեղսունակ Ալիևն այդ պահին ի վիճակի չէր հաղթահարելու հայ ժողովրդի ցասումը: Բացի այդ ռուսներին և թուրքերին պարզից էլ պարզ էր, որ հողերի կորուստը կարող է Հայաստանում բերել իրական հեղաշրջման և երկիրը հանձնել ԱՄՆ-ին:

Այսպես, կարծում եմ, Սերժ Ազատիչը համոզեց Կրեմլին, որ Հայաստանը կառավարելու համար ռուսներին լեգիտիմ ղեկավար է պետք և հաստատվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ստացվեցին երաշխիքներ: Եվ ի սկզբանե Նիկոլի հագով կարված Սահմանադրությունը մտավ ուժի մեջ՝ բացահայտ արևմտամետ Արմեն Սարգսյանի նախագահությամբ:

Մնում էր խաղի վերջին ակորդը: Փորձառու Ազատիչը դրան պատրաստվել էր դեռևս այն պահից, երբ լրագրողներին ասել էր ճշմարտությունն առ այն, որ իր սրտով չէ խորհրդարանական Հայաստանի գաղափարը և բացահայտ ստել, որ ինքը չի պատրաստվում վարչապետ դառնալ: Հենց այստեղ էլ վառվեց ֆիտիլը:

Նիկոլ Փաշինյանը Գյումրուց քայլեց Երևան, որպեսզի միավորի Հայաստանը, և երբ ժողովուրդը տեսավ, թե որքան տոլերանտ է ոստիկանությունը, դուրս եկավ փողոց, վերցրեց սկուտեղի վրա Սերժ Սարգսյանի թողած իշխանությունը ու քանի որ կուրացած էր երջանկությունից, տվեց այն Նիկոլ Փաշինյանին՝ առանց կողքերը նայելու:

Այն, որ Սերժ Սարգսյանը սիրում է իր երկիրը և բացառապես նրա շնորհիվ է, որ անարյուն հեղափոխություն տեղի ունեցավ հաստատում են նրա խոսքերը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», և դա ոչ թե ինքնախոստովանություն էր, այլ հրաման ուժային կառույցներին հետ քաշվել և թույլ տալ ժողովրդին իրականացնել հեղափոխություն: Այդ խոսքերը զսպեցին նաև ռևանշի հնարավորությունը: Չէ՞ որ, երբ հանձնվում է գերագույն հրամանատարը՝ իրական և փոխաբերական իմաստով նրա ենթակաները թևաթափ են լինում: Կարծում եմ Սերժ Ազատիչը ճիշտ էր հաշվարկել և, եթե Նիկոլ Փաշինյանը չդրժեր Սերժ Սարգսյանին տված խոստումները, չանտեսեր նրա խորհուրդները, պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, սակայն հայտնվելով ԵԱՏՄ գայլերի մեջ, նա կերավ նրանց միջոցով իրեն մատուցած Պուտինի կուտը և ուրացավ Սերժին, որը սկուտեղի վրա իրեն էր մատուցել իշխանությունը, որպեսզի ուղղեր այն սխալները, որոնք ստիպված էր կատարել՝ ենթարկվելով իր շրջապատի կամքին: Այն, որ մինչ այդ Սերժ Ազատիչը փորձել էր ուղղել երկրում տիրող իրավիճակը բացահայտ փաստ է:

Եթե վերլուծել եք Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու հանգամանքները, որի արդյունքում Ազատիչը հասկացավ, որ նրան խաղից հանելով երկրի վիճակը ոչ թե լավանում է, այլ վերջինիս քաղաքական և ֆինանսական կապիտալը կիսելով կարող է ծնունդ տալ ավելի հզոր հրեշների, որոշեց հետ քայլ անել, քանզի ինչպես ռուսներն են ասում՝ «Овчинка выделки не стоит»:

Ինչևիցե, վերադառնանք հեղափոխությանը: Երբ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ Փաշինյանի ամբիցիաներն անկարող է զսպել և վերջինս ամբողջովին գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, ստիպված էր սպասել հետագա զարգացումներին, քանի որ բացի այդ ակտիվացել էր նաև Ռուսաստանի պրոպագանդան ընդդեմ Փաշինյանի: Նրանք գործում էին իրենց փորձած տարբերակով՝ որքան շատ էին Փաշինյանին մեղադրում հակառուսական քաղաքականություն վարելու և սորոսական լինելու մեջ, այնքան Փաշինյանն իր վախերից դրդված շատ էր ապացուցում Ռուսաստանին ծառայելու իր բաղձալի ցանկությունը և զրոյացնում էր Հայաստանի գործոնը միջազգային ասպարեզում: Իսկ այն, որ այսօրվա հեղափոխականները կերտվել են Ռուսաստանի դարբնոցում, թեև իրենք էլ կարող է չիմանան այդ մասին, կարող եք համոզվել, երբ նրանց հարցնեք, թե որտեղ են ծանոթացել միմյանց հետ ու մեծամասամբ կստանաք պատասխան «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, որտեղ Սերժ Սարգսյանն իր աջակիցների, մասնավորապես՝ իր հսկողության տակ գտնվող մեդիառեսուրսների աստղերի հետ անձամբ էր պայքարում ռուսական ընկերության դեմ: Եթե հիշում եք այնտեղ էր նաև ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը:

Ինչևէ կարծում եմ միտքս տեղ հասցրեցի, սակայն ցանկանում եմ խոսել այսօրվա մասին և բացատրել, թե իմ կարծիքով ինչ է սպասվում մեզ, եթե ֆորսմաժոռները չչեղարկեն ընտրությունները և ինչու է «Պատիվ ունեմ» դաշինքի 1-ին համարը Վանեցյանը, իսկ երկրորդը՝ Տարոն Մարգարյանը: Նախ ասեմ, որ ինչքան էլ փորձեն չեղարկել, Վանեցյանը հեղափոխական լավ սկզբի խորհրդանիշն է, իսկ Տարոն Մարգարյանն իր հարգարժան հոր և քաղաքի տղա: Այս հանգամանքները բավական են, որ միջին խավը ստանձնի նրանց համար ձայներ բերելու գործը, իսկ դա բավականին մեծ ուժ է, միայն այս երկու թեկնածուներն արդեն իսկ ի վիճակի են բավականաչափ ձայներ խլել «Իմ քայլից» և «Հայաստան դաշինքից», նրանք կարող են խոսել Սյունիքում և հարցեր լուծել այնտեղ, իսկ Փաշինյանը չի կարող: Դրան գումարեք, որ ՀՀԿ-ն ամենահզոր կառույցն է Հայաստանի տարածքում: Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ինքը ոչ միայն վարչապետի, այլև որևէ պետական պաշտոն չի զբաղեցնելու, ինչպես նաև այն, որ նա բացահայտ հայտարարեց, որ անցյալին վերադարձ չի լինելու, ժողովրդին չէին ուղղված և կոնկրետ հասցեատերեր ունեին:

Ես գրեթե վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ինչպես վերցրել է, այնպես էլ հետ է տալու իշխանությունը: Կարծում եմ նաև, որ Սերժ Սարգսյանի շահերից է բխում, որպեսզի որքան կարելի է շատ, բայց 40 տոկոսից ոչ ավելի արևմտամետ ուժեր ներթափանցեն խորհրդարան, որպեսզի կարողանան ավելի հեշտ խոսել Ռուսաստանի հետ:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31