Ինչպես հայտնել էինք, «Հայկական ազգային համաձայնություն» հասարակական շարժումն այսօր նախագահականի դիմաց էր՝ դիմում հանձնելու նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով ստորագրել հրամանագիր՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին։
ՀԱՀ մտավորականների խորհրդի համակարգող Արթուր Բաբայանը(Արմին) հայտարարեց, որ այժմ վտանգված է ՀՀ պետականությունը, եւ պետականության համար վտանգավոր թիվ 1 անձը Նիկոլ Փաշինյանն է․ «Պահանջում ենք, որ ստորագրեք հրամանագիր՝ Փաշինյանին իր լիազորություններից ազատելու մասին։ Դա է միակ փրկությունը՝ նրանից ձերբազատվելու համար»։
ՀԱՀ անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր հերթին ասաց․ «Պետության գլուխը նախագահի ինստիտուտն է։ Ապօրինի կերպով վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը բռնազավթած անձի իրավական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Պարոն նախագահ, քաղաքացիները վրդովված են նման լարված վիճակում Փաշինյանի կողմից ապօրինի քայլերի առիթով։ Նա բանակցում եւ թղթեր է ստորագրում ՀՀ անունից։ Ժամ առաջ հստակեցրեք, որ նրա ապօրինի քայլերը պետք է բացառվեն օրենքի ուժով»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը:
Նախագահականի դիմաց ՀԱՀ անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանը եւս դիմեց նախագահ Արմեն Սարգսյանին․ «Պարոն նախագահ, մենք համատեղ գիտական գործունեություն ենք ծավալել։ Վստահ եմ, որ տարիներ անց ձեր մեջ մնացել է պատասխանատվությունը եւ հայրենասիրությունը։ Ձեր ստորագրությամբ կանխեք Փաշինյանի պաշտոնավարումը եւ այս գործընթացը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ