Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անմեղսունակներն ասում են, որ սա չկապենք Արցախի հարցի հետ․ լո՞ւրջ, հասկանո՞ւմ եք սրա հետեւանքը»․ իրավապաշտպան

Մայիս 21,2021 15:31

«Սա իրենց մտածելու խնդիրն է։ Մեղադրանքներ են անընդհատ շպրտվում, թող մի հատ իրենց հայելու մեջ նայեն ու հարց տան՝ նորմա՞լ է, որ հանրությունը կարեւորագույն իրադարձությունների մասին իմանում է մերժված աղբյուրներից։ Տեղեկատվություն չտալը, ապատեղեկատվություն տարածելը․․․ապշած եմ, թե ոնց կարող է նման բան լինել»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ «Հայաստանի սահմանազատում՝ վստահության ճգնաժամի պայմաններում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։

«Ամեն ինչ ավելի խճճվեց, որովհետեւ մի կողմից խոսում են, թե անկլավների մասին խնդիր մի բարձրաձայնեք, մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասում, թե կան ադրբեջանական տարածքներ, որոնք ՀՀ տարածքում են։ Այս մարդկանց ինստիտուցիոնալ հիշողությունը զրո է։ Անգամ չեն խորհրդակցում այն մարդկանց հետ, որոնք ժամանակին աշխատել են նման խնդիրների շուրջ։ Օրինակ՝ Տիգրանակերտում բնակվում էին Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներ․․․Մենք մերժեցինք հանցավոր ռեժիմին, սակայն գործող իշխանությունը մերժեց բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին օգնել ու աջակցել։ Ամենասարսափելին այն է, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեց, թե դարակազմիկ փոփոխություններ են սպասվում։ Եվ սա այն պայմաններում, երբ սահմանազատման ողջ բեռը հանձնվել է մեկ խաղացողի՝ ՌԴ-ին։ Կյանքն ապացուցեց, որ ՌԴ-ն բացառապես իր շահերի ներքո է իրականացնում այս ամենը»,-նշեց Նինա Կարապետյանցը։

Նա կասկածի տակ դրեց Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե փաստաթուղթը ՀՀ ազգային շահերից է բխում․ «Հիմա կասկածում եմ, որ իմ պատկերացրած դարակազմիկ փոփոխությունները, ՀՀ շահերից բխող գործընթացները եւ դրանց վերաբերյալ իրենց պատկերացումները կտրուկ տարբերվում են։ Բազմաթիվ մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ են անում այս իշխանությունները։ Եվ սա ընտրություններին ընդառաջ է տեղի ունենում, որովհետեւ ՀՀ իշխանությունը կառավարելի է դրսի ուժերից․ առանց մտածելու՝ ստորագրում են։ Ո՞ւմ տեղն է Նիկոլ Փաշինյանն իրեն դրել, որ որոշել է, թե միանձնյա կարող է բանակցել, ժողովրդի ճակատագիր որոշել։ Սա ուղղակի սահմանազատում չէ, սա մեր սահմանների, իրավունքների, Արցախի հարցի խնդիրն է։ Որոշ անմեղսունակներ ասում են, որ սա չկապենք Արցախի հարցի հետ։ Լո՞ւրջ, հասկանո՞ւմ եք սրա հետեւանքը։ Եթե ասում եք, թե սահմանազատումը տասնյակ տարիների հարց է, ուրեմն հիմա սպասեք մի ամիս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31