Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության պահպանության թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը հեռացնելու հարցը: Մասնավորապես, նրա խոսքով, հարցը քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի կեսերին Հայաստան և Ադրբեջան կատարված այցի ընթացքում:
«Մենք հանդես ենք գալիս շուտափույթ կերպով միջազգային ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպության առաքելությունը տարածաշրջան կազմակերպելու օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով: Համանախագահների՝ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ նշվում է. «կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերին, որոնք Հայաստանից ու Ադրբեջանից պահանջում են լրացուցիչ ջանքեր գործադրել»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ