Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հանձնաժողովը ստեղծվի, այն որեւէ կապ չի ունենալու Արցախի սահմանների եւ կարգավիճակի հետ»․ Ռուբեն Ռուբինյան

Մայիս 21,2021 14:31

«Այդպես չի կարող լինել։ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի իննի հայտարարությունն էլ խաղաղության պայմանագիր չէ։ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, հետեւաբար՝ Ալիեւի ասածը չի կարող լինել։ Պետք է տեղի ունենա այն, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան սահմանները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ Արցախը ներառյալ։

Թե այս համատեքստում ի՞նչ է ենթադրում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային սահմանազատման ու սահմանագծման մասին փաստաթուղթը, Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց․ «Եթե այս փաստաթուղթը ստորագրվի եւ նման հանձնաժողով ստեղծվի, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն հայկական կողմի նշյալ պայմանի իրագործման դեպքում, ապա խոսքը լինելու է ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի, դեիլիմիտացիայի մասին, եւ ոչ թե Ադրբեջանի եւ Արցախի միջեւ։ Այսինքն, այս հանձնաժողովը որեւէ կապ չի ունենալու Արցախի սահմանների եւ կարգավիճակի հետ։ Մենք մեր դիրքորոշումն ունենք՝ մեր առաջարկը կապ չունի Արցախի սահմանների եւ կարգավիճակի հետ»։

Իսկ թե երբ կստորագրվի փաստաթուղթը, Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ դա կախված է հայկական կողմի պահանջը կատարելուց․ «Նման դեպքերում կարող են լինել տարբեր իրավիճակներ։ Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ տարածքից որեւէ բան չի զիջվելու։ Որեւէ տարածքի հանձնման կամ փոխանակման մասին քննարկում չի եղել։ Ադրբեջանն այս պահին դուրս չի եկել, հետեւաբար՝ իրավիճակը շարունակում է մեր համար մնալ անընդունելի»։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31