Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանաբնակ երիտասարդ դուդուկահարները փայլում են». Մրցույթի կազմակերպիչ

Մայիս 21,2021 14:23

«Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը կայացավ: Մենք հասանք մեր նպատակին, ու մեր երեխաները մոտիվացվեցին: Աշխուժությունը, շարժը, ամեն ինչը նպաստեց նրան, որ երեխաներն ավելի շատ զարգանան, աշխատեն իրենց կատարողական հմտությունների վրա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը` ամփոփելով մրցույթ-փառատոնի արդյունքները:

Էմանուել Հովհաննիսյան

Նա հավելեց, որ ունեցել են 80-ից ավելի մասնակիցներ, որոնցից 64-ը Հայաստանից: Մրցույթի մասնակիցները Ֆրանսիայից էին, Ռուսաստանից, Բելգիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Էմանուել Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր, այդ թվում ոչ հայ մասնակիցների դասատուները հայ դուդուկահար վարպետներն են:

«Առաջին փուլում պարտադիր պայման էր, որպեսզի դուդուկահարը կատարի ժողովրդական մեղեդի եւ որեւէ ռիթմիկ ստեղծագործություն, օրինակ` պարեղանակի տեսքով, երկրորդ փուլի պայմանն էր, որ կատարեն մեկ հոգեւոր կամ Կոմիտասի ստեղծագործություններից եւ մեկ աշուղական ստեղծագործություն: Իսկ երրորդ փուլում արդեն մեկ պարտադիր բարդ տեխնիկական արագ տեմպով պար էր` իմպրովիզացիոն հատվածով եւ մեկ ստեղծագործություն` ըստ ցանկության»,-նշեց Էմանուել Հովհաննիսյանը:

Նարինե Ավետիսյան

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանի խոսքով, մրցույթը կայացավ մասնագիտական բարձր մակարդակով. «Յուրաքանչյուր մրցույթից հետո լինում են հաղթողներ եւ պարտվողներ, սակայն այստեղ այնպիսի մթնոլորտ էր ձեւավորվել, որ պարտվող գրեթե չեղավ, բոլորը շատ բարձր տրամադրությամբ դուրս եկան դահլիճից գալահամերգի ժամանակ»: Նարինե Ավետիսյանի խոսքով, ամեն րոպե պետք է խոսել դուդուկի տարածման ավանդական կատարման տեսակի մասին, եւ մրցույթը նաեւ այս համատեքստում էր շատ կարեւոր:

Նա նաեւ անդրադարձավ Էմանուել Հովհաննիսյանի ներդրմանը, որը տարբեր միջազգային նորարար նախագծերում` ներառյալ էթնո, ջազ եւ այլն, պարտադիր ներառում է դուդուկը:

Արտակ Ասատրյան

«Ծիրանի» անսամբլի գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Արտակ Ասատրյանը նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ տվեցին, որ մրցույթը տարածվի եւ կայանա նաեւ առցանց հարթակներում ու հասանելի լինի Հայաստանից դուրս ապրողներին. «Մինչ այժմ եղած մրցույթներին մասնակցել են միայն հայաստանցի դուդուկահարներ, բայց դուդուկի զարգացման, աշխարհանվաճումն ավելանալու հետ կարեւորվում է, որ մրցույթներն էլ լինեն միջազգային: Ճշմարտության համար պետք է նշել, որ առայսօր փայլում են հայաստանաբնակ երիտասարդ դուդուկահարները: Դա ունի մեկ պատճառ` նրանք խիստ ակտիվ մրցակցության դաշտում են»: Արտակ Ասատրյանը վստահ է, որ դուդուկահարների մրցույթը կրթական առումով եւս լուրջ խթան է հանդիսանում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31