Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է»․ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, որ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու թեմա չկա, փաստաթուղթը գաղտնի մաս չունի

Մայիս 21,2021 13:54

«Ինչպե՞ս չհերքվեց, հերքվեց․․․ երեկ ընդդիմությունը տարածեց քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը, որը ես հաստատում եմ, հաստատել է նաեւ վարչապետը։ Հաստատվել է նաեւ, որ դրան կից որեւէ փաստաթուղթ չկա, որեւէ գաղտնի կետ չկա։ Աշխատանքային տարբերակում ոչ մի խոսք չկա որեւէ տարածքային զիջման վերաբերյալ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհերքեց հայաստանյան մի քանի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։

«Կրկնեմ՝ հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորքի՝ ելման դիրքեր վերադարձի դեպքում»,-շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Դառնալով գյուղերի վերադարձի խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը բանավոր է պայմանավորվել Ադրբեջանին վերադարձնել մի քանի գյուղ, Ռուբինյանը պնդեց, որ դա սուտ է․ «Ոչ, դա քննարկման առարկա չի»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ կան սովետական Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ հակառակը, Ռուբինյանը նկատեց․ «Հնարավոր են տարբեր իրավիճակներ, բայց դելիմիտացիան եւ դեմարկացիան շատ երկար գործընթացներ են։ Փաստաթուղթն ամրագրում է, որ գործընթացը պետք է լինի բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»։

Լրագրողները կրկին հարցրին՝ այսինքն, հնարավո՞ր է որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանին։ Ռուբինյանը պատասխանեց․ «Գաղտնիք չէ, որ խորհրդային Հայաստանն Ադրբեջանի կողմից շրջապատված անկլավ է ունեցել, եւ հակառակը։ Այս հարցերը կարող են հետագայում քննարկման թեմա դառնալ, կարող են չդառնալ։ Պետք չի ստանալ տպավորություն, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, ուրեմն դելիմիտացիա կլինի։ Ոչ, դա կնշանակի, որ ստեղծվեց հանձնաժողով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31