Կարո՞ղ է վարչապետի պաշտոնակատարը ընտրություններից «5 պակաս» ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը վերաբերվում է սահմանազատման, սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելուն: Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ այս հարցին ի պատասխան իրավաբան Արտաշես Խալաթյանն ասաց, որ իրավական տեսանկյունից այստեղ խնդիր չկա. «Վարչապետի լիազորությունները սահմանափակված են մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամրագրումը ԿԸՀ կողմից, բայց վարչապետը լիիշխան է իր սահմանադրական գործառույթներում, այդ թվում՝ կնքելու ցանկացած միջազգային պայմանագիր, համաձայնագիր»:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ փաստաթուղթ է դրված շրջանառության մեջ, որով հանձնաժողով է ստեղծվելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հարցերի հետ կապված: Բացի այդ, Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց նաեւ անկլավների մասին:
Խալաթյանն ասաց, որ սահմանազատման գործընթացը կարող է տասնամյակներ տեւել, անգամ բարեկամական երկրների միջեւ է այդ գործընթացը ցավոտ անցնում: Բուն իրավական հետեւանքի տեսանկյունից այն փաստաթուղթը, որը շրջանառվում է, ըստ նրա, ԱԺ-ի վավերացման ենթակա չէ: Բայց սուվերեն սահմանի վերջնական որոշման ժամանակ, եթե այն որոշվի այլ կերպ, քան գործող սահմանագիծն է, ապա կարիք կլինի հանրաքվեի. «Վարչապետը եթե ստորագրի էլ, դա գործընթացի սկիզբն է, բայց ոչ մի բան չի կանխորոշում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ