Եվրոպական միությունն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտահոգիչ զարգացումներին: Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մայիսի 14-ի հայտարարության մեջ:
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն Բորելի անունից մայիսի 13-ին զրուցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի, իսկ մայիսի 14-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի սրումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նաեւ կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահության հետ:
«Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրագործվեն բանակցությունների ճանապարհով՝ հօգուտ տեղի բնակիչների անվտանգության: Մենք ողջունում ենք կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները»,- հայտարարել է Բորելը: Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և երկու երկրներին քաջալերում տարածաշրջանում կայունության պահպանման համար խաղաղ լուծում գտնել:
EU NEIGHBOURS east