«Խոզնավարը չի դատարկվել, միգուցե մարդիկ իրենց կանանց ու երեխաներին էին հանել գյուղից Գորիս կամ հարեւան գյուղերը, բայց գյուղը դատարկվելու մասին տեղեկությունները անհիմն են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։ Նրա խոսքով, հակառակորդը երեկ, մեկուկես կմ առաջ էր եկել դեպի Խոզնավարը։ «Եթե ուղիղ վերցնեք, Սեւ լճից մինչեւ Տեղ գյուղ 1 կմ եկել են։ 800 մետր իրենց սահմանից եկել են մեր սահման ու ոչ մեկը առաջները չի կտրել»,–ասում է Վարո Գրիգորյանը։
Նշենք, որ Խոզնավար գյուղը, ինչպես նաեւ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն բնակավայրերը մտնում են Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ։
Համայնքի ղեկավար մամուլի պատասխանատու Արեւ Աբելյանն էլ տեղեկացնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։
«Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի եւ Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Ամեն ինչ արվում է այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»,–ասում է Աբելյանը։
Կարդացեք նաև
Խոզնավարի վարչական ղեկավարը մեկ անգամ եւս հորդորում է բոլորին՝ չճշտված տեղեկություններ չտարածել։ «Ասում եք՝ Խոզնավարում մարդ չի մնացել։ Ուր են գնացել բա՞։ Բոլորը անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, ո՞նց կարան թողնեն գնան։ Ինչ էլ լինի մեր հողի վրա ենք մնալու»,–եզրափակում է Վարո Գրիգորյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Խոզնավարի լուսանկարը՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի