Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1 խորհրդային քարտեզ ծածանելով՝ ռազմավարական կառույցների, ջրային ավազանների եւ ճանապարհների անցումն Ադրբեջանին անընդունելի է»․ իրավապաշտպան

Մայիս 21,2021 13:10

«Հարցերի պատասխանները ոչ միայն չտրվեցին, այլ ավելի խորացան։ Երեք տարում անընդհատ իրար մեղադրելու, նախկիններին թիրախավորելու հռետորաբանությունը ճգնաժամի է տանում հատկապես այսօր»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ «Հայաստանի սահմանազատում՝ վստահության ճգնաժամի պայմաններում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։ Հարցը ՀՀ ինքնիշխան սահմանների մասին է, ոչ թե այն տարածքների, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ բանակցություններ էին գնում։ Սահմանին ապրող մարդկանց իրավունքների մասին է, որոնք ամրագրված եւ միջազգայնորեն ճանաչված են որպես ՀՀ սահմաններ։ Նման հռետորաբանությամբ այս մասին խոսելը հանրությանն ավելի ծանր վիճակի մեջ է գցում»,-համոզմունք հայտնեց իրավապաշտպանը։

Զառա Հովհաննիսյանը շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հանրային բուռն գործողությունների արդյունքում, որի պատճառը հանրության եւ իշխանության միջեւ անջրպետն էր, երբ հարցերը լուծվում էին կաբինետներում։ Այդ մասին Հանրապետության հրապարակում եղավ խոստում՝ ուղիղ ժողովրդավարության մասին։ Իսկ այսօր նույն իրավիճակն է, երբ խորը եւ հանրության, պետության համար նշանակություն ունեցող խնդիրը լուծվում է կաբինետներում եւ փակ քննարկումներում։ Հանրությունն էլ ապշած վիճակում է, երբ կարեւոր խնդրի լուծման տիրույթից դուրս է մղվում, երբ իր կարծիքը հաշվի չի առնվում։ Հունիսի քսանին նշանակված են ընտրություններ, իսկ այդ հրապարակված փաստաթղթում կան ժամկետներ, որոնք համընկնում են անցումային ժամանակահատվածի հետ, երբ չկա ընտրված իշխանություն, որի դակած արդյունքները կլինեին վստահելի։ Շրջանցվել է հանրաքվեի իրավունքը, այսինքն՝ ուղիղ ժողովրդավարության իրավունքը»։

Զառա Հովհաննիսյանի խոսքով․ «Հույս ունենալ, որ սահմանազատման գործընթացը կարող է առկա խնդիրները հանգուցալուծել, միամտություն է եւ խաբեություն։ Առաջնահերթ, միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի է անհավասար հնարավորություններ ունեցող երկրների միջեւ նման հարցերի որոշումը։ Անհավասար ասելով նկատի չունեմ պարտված-հաղթած լինելը, այլ այն, որ մեկ պետությունը պատանդ է պահում մյուսի քաղաքացիներին։ Պատանդ լինելու հանգամանքն այսպես շահարկվում, խաղարկվում է այդ պետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Բացի այդ, ադրբեջանական զորքը խախտել է սահմանը, եւ իր կարծիքով՝ այդ տարածքները վիճելի են, այսինքն՝ զորքով, սահմանախախտմամբ պարտադրում է բարենպաստ պայմաններ։ Միջազգային իրավունքով սա արգելված իրավիճակ է։ Միջազգային կոնվենցիաները սահմանում են, որ ուժի կիրառմամբ որեւէ պետությանը փաստաթուղթ ստորագրելը լեգիտիմ չէ, պետությունը պետք է բարձրաձայնի այդ մասին։ ԵԱՀԿ սահմանազատման ուղեցույցը հստակ սահմանում է, թե ինչպես է նախապատրաստվում սահմանազատումը։ Իսկ քարտեզները միայն խորհրդային Հայաստանի քարտեզները չեն, կան ջրային ռեսուրսների, արգելանոցների քարտեզներ, ուստի մեկ կողմի բերած քարտեզը ծածանելով՝ հնարավոր չի չխախտել որեւէ պետության եւ նրա հանրության իրավունքները։ Ուստի խորհրդային քարտեզներ ծածանելը եւ ռազմավարական նշանակության կառույցների, ջրային ավազանների եւ ճանապարհների անցումն Ադրբեջանին անընդունելի է։ Այն էլ այն դեպքում, երբ վերջինիս հետ սրված, հայատյաց հարաբերություններ են․ սա ողջախոհության եւ ողջամտության խախտում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31