Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետը ելույթում բարձրացնում է հարցեր, որոնք հուզում էին Ադրբեջանին, օրինակ, անկլավների հարցերը, քաղաքական հիշողությունը զրո է». Ստեփան Գրիգորյան

Մայիս 21,2021 12:52

Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել սահմանազատում եւ սահմանագծում թեմայով: Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ փաստաթուղթ է դրված շրջանառության մեջ, որով հանձնաժողով է ստեղծվելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հարցերի հետ կապված: Բացի այդ, Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց նաեւ անկլավների մասին:

Քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ երեկվա նիստի ժամանակ գրեթե բոլորն ընդունում էին այն փաստը, որ պետք է անցկացվի Ադրբեջանի հետ սահմանագծում ու սահմանազատում ու միջնորդը պետք է լինի ՌԴ-ն, մինչդեռ Հայաստանը ԵԱՀԿ անդամ է. «Ինչո՞ւ ենք մենք բանավոր պայմանավորվում Ռուսաստանի, Ադրբեջանի հետ, մենք ԵԱՀԿ անդամ ենք ու կան շատ կոնկրետ խաղի կանոններ, հստակ: Մեծ փաստաթուղթ կա՝ 150 էջանոց: 2005-ից այդ աշխատանքները սկսվեցին: Մենք Ադրբեջանի հետ լուրջ պրոցեսի ենք գնում՝ բավական վտանգավոր մեզ համար, չլուծված լինելով Ղարաբաղի հարցը: Ու գնում ենք դրան՝ նեղ ձեւաչափով՝ Ադրբեջան-ՌԴ, ու հասկանում ենք, որ կա նաեւ Թուրքիա: Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ  եթե դու շրջանցում ես միջազգային խաղի կանոնները, օրինակ, Ղարաբաղը դուրս ես բերում ԵԱՀԿ Մինսկի խմբից, ավարտվում է նրանով, որ Թուրքիան ու Ռուսաստանը բաժանում են քո հայրենիքը»:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ սկսվում է սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, նշանակում է, դու կտրում ես քեզանից Ղարաբաղը: Եթե դու համաձայնում ես կտրել սահմանը նաեւ այն մասերում հայ-ադրբեջանական սահմանի, որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն դու ինչ-որ չափով հրաժարվում ես Ղարաբաղի կարգավիճակի խնդրից, կոպիտ ասած՝ կանխորոշում ես ԼՂ կարգավիճակը, դա ավտոմատ մնում է Ադրբեջանի տարածքում»:

Նա ասաց, որ կտրականապես դեմ է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ կատարել, մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չկարգավորվի, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն. «Պատկերացնենք, մեր վզին փաթաթեցին այդ պրոցեսը, ինչի՞ հետ է կապված, որ վարչապետի ելույթում բարձրացվում էին հարցեր, որոնք հուզում էին Ադրբեջանին, օրինակ, անկլավների հարցերը: Գիտեք, Ադրբեջանն ուներ ՀՀ տարածքում մի քանի անկլավ, մեկը Տիգրանաշենն է Արարատի մարզում եւ 2-3 փոքր անկլավներ Տավուշի շրջանում: Ուրեմն, ադրբեջանցիք այդ հարցը դնում են: Ու ես հարց եմ տալիս՝ մեր իշխանությունները գիտե՞ն ինչի հետ է կապված, որ 30 տարի ադրբեջանցիք դրա մասին չէին խոսում, ցավոք, այդ քաղաքական հիշողությունը զրո է իշխանության մոտ: Քյարքի գյուղում՝ ներկայիս Տիգրանաշեն, տեղավորեցինք այդ անկլավներում հայեր՝ փախստական Ադրբեջանից: Ադրբեջանն ասում էր՝ ինչու եք զավթել մեր տարածքները: Մենք ասում էինք՝ ոչ ոք ձեր տարածքները չի զավթել, այնտեղ  ապրում են հայեր, ում դուք քշեցիք իրենց տներից, կոպիտ ասած՝ այն սեփականությունը, որ դուք հայերից խլեցիք Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում եւ այլն, իրենք ձեռք բերեցին նորից այդ անկլավներում: Հիմա դրա մասին խոսք չկա: Մեր կառավարությունը ֆորմալ է մոտենում՝ դա Ադրբեջանի տարածքն է, պետք է վերադարձնել, մինչդեռ այդ հարցերն իրար հետ կապված են: Ու դեմարկացիա-դելիմիտացիա դու իրավունք չունես անցկացնել՝ առանց այդ հարցերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31