Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն նվերը, որն ինձ տվել է իմ հայրը, Նիկոլ Փաշինյանը այն հանձնել է այն հրեշներին, որոնք իմ հորը սպանել են». մահապարտների ջոկատի հրամանատարի դուստր

Մայիս 21,2021 12:20

«Իմ հայրը Արկադի Սեմերջյանն է, որը Շուշին ազատագրել է: Ես երկու տարեկան եմ եղել, երբ հայրս Լաչինում զոհվել է: Այն նվերը, որն ինձ տվել է իմ հայրը, Նիկոլ Փաշինյանը այն հանձնել է այն հրեշներին, որոնք իմ հորը սպանել են: Ես երբեք չեմ ների Նիկոլ Փաշինյանին իմ հայրենիքը գողանալու համար, իմ հայրիկի գործը հեչ անելու համար»,-այսօր Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջ կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ ասաց Ելենա Սեմերջյանը՝ հրամանատար Արկադի Սեմերջյանի դուստրը:

Նրա խոսքով, հայրը «Արծիվ» մահապարտների ջոկատի հրամանատարն է եղել. «Մահապարտ նշանակում է հայի համար նահանջ չկա, որովհետեւ երբ դու նահանջ ես տալիս, որպես գերագույն գլխավոր հրամանատար, դու քաոս ես սարքում, մենք նահանջ չունենք: Մենք միայն առաջ ենք գնում կամ կանգնում ենք ու պահում ենք մեր երկիրը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ ամենի գինն իմանալ, որովհետեւ բանակում չի ծառայել: Նույնիսկ խաղաղ ժամանակ մի հրացան չի վերցրել մեր սահմանները պաշտպանելու: Մեր զինվորը պիտի իմանա, որ իր միակ հրամանը հողը պաշտպանելն է, ինքն ուրիշ հրամանատար չունի»:

Արկադի Սեմերջյան

Ցույցի մասնակիցներից մեկի խոսքով էլ՝ «Մեր նպատակը մեկն է՝ մի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին այդ աթոռից հեռացնել: Ինքը չի կարողանում մեր ազգին պաշտպանի: Թող ինքը հեռանա, գա էն մարդը, որը կարող է մեր երկիրը պաշտպանել: Մեր զինվորն այդքան դուխաթափ եղած չի եղել, ոնց որ հիմա է: Եկել են մեր հողի մեջ մեր զինվորին ծեծում են»:

Ցույցին մասնակցում եին մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները հավաքվել էին Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք կոչ էին անում մյուս ամերիկահայերին էլ միանալ. «Հայաստանի մասին միայն երգեր գրելով չի, Հայաստանը կորցնում ենք, էշի ականջում քնած են բոլորը: Հայրենիքը կորցնում ենք՝ դուք սեւ ու սպիտակ եք անում: Ժողովուրդ ջան ուշքի եկեք, վաղը Երեւան են մտնելու ձեր կնոջը, երեխաներին են բռնաբարելու, թուրքի հետ ախպերություն չեն անում, նա մեր թշնամին է»:

Ցուցարարներից մեկի խոսքով, երբեք մեր սահմաններն այսքան անտեր վիճակում չեն եղել. «Նրա պաշտոնավարումն անօրինական է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ազգի անունից ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը ամենադավադիր պայմանագրերից մեկն է: Ամբողջ ազգն այսօր ալեկոծված է, որովհետեւ բոլորս նվաստացված ենք: Թուրքը մտնում է սահման, մեր զինվորներին ծեծում է ու Նիկոլը դա համարում է նորմալ, հրաման է տալիս՝ չկրակել»:

Նրանց խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պետական հանցագործ է» եւ իրենք դուրս են եկել փողոց՝ վճռական խոսք ասելու. «Անկախ նրանից ով որ կուսակցությունից է, ինչ գաղափար ունի, բոլորիս գաղափարը մեկն է՝ հայրենիքը: Եվ այսօր հայրենիքը կանգնած է կորստի առջեւ»:

Ցույցի մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ ինչպես ՀՀ նախագահը, արտգործնախարարը, ԱԱԾ-ն, ԱՄՆ-ում գտնվող մեր հյուպատոսությունն էլ տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի «դավադիր փաստաթղթից»:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն ուզում են կոտրել: Չենք ուզում անգամ վատ երազում պատկերացնել: ՀՀԿ, ԲՀԿ, լեւոնական, քոչարյանական, բոլորս հայ ենք, առաջինը դա հիշեք: Կուսակցություն, պատկանելություն պետք է դնենք մի կողմ: Այսօր մեր ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ մեր երկիրը կորցնենք»,-ասում էին հավաքի մասնակիցները: Նրանց խոսքով, եթե չմիավորվեցինք, կդառնանք ասորիների նման՝ անհայրենիք: Ցուցարարներից մեկն ասաց, որ ինչպես 2018-ին հայությունը միավորվեց, այդպես էլ հիմա պիտի միավորվեն ու փրկեն հայրենիքը, Արցախը, անգամ Արեւմտյան Հայաստանն ու Նախիջեւանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31