Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տան ներսի քայքայիչ խնդիրների ու անինքիշխան վիճակի մեղքը չփորձել բարդել ԱԳՆ-ի վրա. Ռուբեն Կարապետյան

Մայիս 21,2021 11:53

ՀՀ նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախյան պատերազմի պարտությունից հետո և արդեն ՀՀ տարածքում պատերազմի շարունակության՝  թշնամու ԶՈՒ ներխուժման ու նրանց ներկայության պահպանման պայմաններում, երկրում գնալով կործանիչ բնույթ է ընդունում շարունակվող ներքաղաքական ճգնաժամը, որի երկարաձգումն ուղղակի կազմաքանդելու է Հայոց պետականությունը և առաջին հերթին մեր պետության անվտանգությունն ապահովող երեք հիմնարար հենասյուները՝ ՊՆ, ԱԱԾ և ԱԳՆ։

Երեկ փորձեր կատարվեցին պետականության դեռևս վերջին անսասան մնացած պատվարներից մեկը՝ ԱԳՆ-ն նույնպես ներքաշելու ներքաղաքական գործընթացում, փորձելով ստեղծված իրավիճակի մեղքի որոշակի բաժինը բարդել նաև ԱԳՆ-ի վրա, կապված երկրի վարչապետի ստորագրվելիք փաստաթղթի հետ։

Ես հիմա չեմ կենտրոնանա հասարակությանը դեռևս անհայտ այդ փաստաթղթի հնարավոր ստորագրմանն ու դրա կանխման միջոցներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ ՀՀ անկախությունից հետո ԱԳՆ-ն, ինչպես Հայկական բանակը, ստեղծվել  է գրեթե զրոյից և հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգությունը ապահովող ուժային հիմնարար հենասյուներից մեկը։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել իրապես կայացած գործուն համակարգ՝ բարձրակարգ պրոֆեսիոնալ դիվանագետներով, որոնք ունակ են լուծել ցանկացած բարդագույն դիվանագիտական խնդիր։

Սա ասում եմ վստահաբար, որովհետև պատիվ եմ ունեցել մասնակցելու և հպարտ եմ, որ իմ համեստ ներդրումն եմ ունեցել ԱԳՆ համակարգի կայացման ու զարգացման գործում մեր արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման պահից։ Քաջ հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է կամ այն, որ «արտաքին քաղաքականությունը սկսում է տանը»։

Այնպես, որ չհամարձակվեք մեր տան ներսի քայքայիչ խնդիրների ու անինքնիշխան վիճակի մեղքը բարդել ԱԳՆ-ի վրա, որն իր սահմանափակ միջոցներով ու իր վրա մշտապես զգալով երկրի ներքին քաղաքականության բացասական ազդեցությունը պատվով  կատարել, կատարում և շարունակելու է կատարել իրեն վերապահված գործառույթները։

Ստեղծված վիճակում անընդունելի եմ համարում ԱԳՆ-ին ներքաղաքական խնդիրների մեջ ներքաշելու, արտաքին քաղաքական գերատեսչության հեղինակազրկման, նրա բնականոն գործունեության խաթարմանն ուղղված որևէ փորձ, այնպես ինչպես անթույլատրելի է այսօր մեղադրել պատերազմում պարտության մեջ մեր բանակն ու զինվորներին։ Մի մոռացեք, որ դիվանագետները նույն մեր զինվորներն են բայց՝ արտաքին ճակատի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31