«Մենք ականատես ենք եղել տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների անկման»,- Եվրոպական միության կողմից մայիսի 20-ին անցկացված բարձր մակարդակի առցանց միջոցառման ընթացքում, երբ մեկնարկեց ԵՄ նոր՝ «ԵՄ-ն հանուն բարեխղճության» (EU for Integrity) ծրագիրը, այսպիսի մտահոգություն հայտնեց Եվրոպական Միության Հարևանության և բանակցությունների ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մեթյու Բուսքեթը:
Նշենք՝ եռամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՏՀԶԿ-ի և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) կողմից: Ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին և բաց կառավարմանն աջակցելուն:
Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին, Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը և այլք:
Կարդացեք նաև
Մեթյու Բուսքեթը, հարց հղելով Քրիստիննե Գրիգորյանին, նկատեց՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դեռ պետք է տեսնենք, ուստի ինչպե՞ս են պատկերացնում հետագա քայլերը՝ մասնավորապես հավակնությունների ու բարեփոխումների իրականացման հարցում, որպեսզի բավարարվեն քաղաքացիների կարիքներն ու պահանջները:
Քրիստիննե Գրիգորյանն ի պատասխան փաստեց՝ 2019-ին Հայաստանում ընդունվեց հակակոռուպցիոն շատ հավակնոտ ռազմավարություն ու ներկայացրեց որոշ ձեռքբերումներ՝ թվային տվյալներով. «Վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիոն դեպքերի, այդ թվում նաև բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի բացահայտման և համապատասխան իրավական պատասխանատվության շնորհիվ ավելի քան 100 միլիոն եվրոյի մուտք է կատարվել ՀՀ պետական բյուջե»:
Խոսելով դատավորների բարեվարքության ապահովման համար իրականացված մեխանիզմների մասին՝ նա հատուկ շեշտեց դատավորների գույքային դրության ստուգման մեխանիզմները ու ասաց. «Այս մեխանիզմն ընդամենը դեռ 12 ամիս է ներդրված, արդեն ցույց է տալիս իր արդյունավետությունն ու հավասարակշռվածությունը: Օրինակ՝ ԲԴԽ անդամների հետ կապված երեք կարգապահական, երեք վարչական և մեկ քրեական գործ է հարուցվել: Դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքներով՝ ոչ մի թեկնածու բացասական եզրակացությամբ չի եղել, սակայն հարուցվել է մեկ քրեական գործ»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը վստահեցրեց՝ ՀՀ ռազմավարական նպատակն է հիմնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակ, որի շնորհիվ կունենանք ուժեղ և անաչառ ինստիտուտներ, որոնց գործունեությունը հիմնված կլինի կանխարգելման, հետաքննության և իրավական պատասխանատվության հիմնական սկզբունքների վրա: Այնուհետև փաստեց՝ ՀՀ-ում արդեն ստեղծվել է առաջին այդպիսի կառույցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս տարվա վերջում կունենանք մասնագիտացված մարմին օրենքի իրականացման հարցերով, իսկ հաջորդ տարի՝ հակակոռուպցիոն դատարան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ