ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄՈՒՄԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս, 2021թ․
Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվող բանաձևի կապակցությամբ օրեր առաջ հերթական անգամ մեր դիմումով Խորհրդարանի ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերության մեջ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման խնդրին։
Մասնավորապես, դիմումի շրջանակներում ներկայացրել ենք մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանում պահվող ավելի քան երկու հարյուր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք մինչ օրս հայրենիք չեն վերադարձվել։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդարանի ուշադրությունն է հրավիրվել Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարվող դաժանությունների վերաբերյալ սոցիալական մեդիայում շրջանառվող հազարավոր տեսանյութերին և նկարներին, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և դիտավորյալ սպանության վերաբերյալ միջազգային մարմինների և ՀՀ ՄԻՊ-ի զեկույցներին։
Կարդացեք նաև
Այս մտահոգությունները ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից ատելության քաղաքականության սաստկացման համատեքստում, երբ այդ երկիրը ղեկավարող վերնախավի հանրային հայտարարությունները խրախուսում են թշնամանք բորբոքող հռետորաբանություն և ծայրահեղ հայատյացություն Ադրբեջանում։
Դիմումի շրջանակներում բարձրաձայնվել է նաև մտահոգությունն առ այն, որ ադրբեջանական իշխանություններն արդյունավետորեն չեն համագործակցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու հայ ռազմագերիների անվտանգությունն ու հիմնական մարդու իրավունքները։
Այսպիսով, դիմումով պահանջել ենք Եվրոպական խորհրդարանին հետևողական լինել մարդասիրական իրավունքի և Ժնեևյան կոնվենցիայի իրականացմանը և ստիպել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ պահվող հայ ռազմագերիներին։
Նախօրեին Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է սպասվող բանաձևը՝ պահանջելով Ադրբեջանից, ի թիվս այլ հարցերի, առանց որևէ նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, դատապարտելով Ադրբեջանի բռնությունները, և կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կառույցներին և կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել խնդրի բարձրաձայնման և բանաձևի ընդունման հարցում։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ