Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցնե՞րն են

Մայիս 21,2021 10:00

Անցած տարվա նոյեմբերին գրել էի, որ հիմա անգամ 4-րդ դասարանի աշակերտն է հասկանում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կհարձակվեն Սյունիքի վրա: Անմիջապես պարզվեց, որ սխալվում էի. բազմաթիվ հասուն մարդիկ ինձ առարկում էին, որ նման բան տեղի չի ունենա՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը կնշանակի Ռուսաստանի հանդեպ ոտնձգություն եւ այլն: Տրամաբանությունն այս էր. քանի որ Արցախի խնդրից պրծել ենք, հիմա արդեն նորմալ կյանք է սկսվելու: Մանրամասն չանդրադառնամ, թե ինչու ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, բայց երկու խոսք ասեմ ՀԱՊԿ-ի մասին:

Չորեքշաբթի օրը կայացավ այդ կազմակերպության արտգործնախարարների նիստը, որի օրակարգային հարցերից էր Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք: Հնչեցին լղոզված ձեւակերպումներ, իսկ Սերգեյ Լավրովը կրկնեց իր առաջարկը՝ միջնորդական առաքելություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ իր ձեւակերպմամբ, «սահմանազատման աշխատանքներում»:

Իսկ հիմա, խնդրեմ, պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հավաքվում են եվրոպական մի մայրաքաղաքում եւ քննարկում են Բալթյան երկրներից մեկի բողոքն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի տեղ խախտել է այդ երկրի սահմանները եւ ներխուժել է դրա ինքնիշխան տարածք: Ինչպե՞ս է դրան արձագանքելու ՆԱՏՕ-ն. այդ կազմակերպության ենթադրյալ ժողովը հանդես կգա շատ կոշտ հայտարարությամբ, որն անպայման խիստ նախազգուշացում կպարունակի՝ եթե Ռուսաստանը չլքի այդ տարածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի դիմել համարժեք քայլերի: ԱՄՆ պետքարտուղարն էլ հաստատ չի հայտարարի, թե պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի եւ այդ երկրի միջեւ:

Դրանով է տարբերվում լուրջ կազմակերպությունը թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությունից, ինչպես նաեւ՝ իսկական դաշնակիցները ոչ դաշնակիցներից: Անշուշտ, Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ձգտում է ունենալ հավասարապես լավ հարաբերություններ, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի մնացած երկրները՝ Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանն ավելի լավ հարաբերություններ ունեն կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան կազմակերպությանն անդամակցող Հայաստանի:

Բացի օբյեկտիվ հանգամանքներից՝ կարելի է արձանագրել, որ ներկայիս իշխանությունը շատ վատ է աշխատում (եթե ընդհանրապես աշխատում է) այդ երկրների հետ: Իսկ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքի մակարդակի մասին վկայում է այն, որ նրանք «բռնում էին» այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այդ բաղդատականը որպէսզի ամբողջական լինի, հարկաւոր է մատնանշելը թէ՝ ՆԱՏՕի անդամ որեւէ երկիր (մանաւանդ ոչ, պճլիկ երկիր), այսպէս՝ «երկու թելերի վրայ չի խաղար», տեւաբար սիրաբանելով ՆԱՏՕի ուղղակի հակառակորդին հետ.

    Հայաստանի այս վարչակարգը, մի կողմից (նկարների վրայ՝ բառացիօրէն) գրկախառնւում է Փութինին հետ, միւս կողմից, ամէն առիթով, սեղանին տակէն «ոտով կանչում է» նրա անէացումը տենչացող արեւմտեան պետութիւնները. նոյնիսկ, տեղանին վրայէն…

    հետեւաբար, վերեւի խմբագրականի վերնագրին պատասխանը կարող է հանդիսանալ՝… էհ… մարդիկը, չեն ուզում խանգարել… սպասում են, որ Մաքարոնին հեսա, օգնութեան հասնի Հայաստանի, իր խիզախ զօրքերով… ապա անշուշտ Պայտընը, ցեղասպանաճանաչ իր հիանալի, խորապէս յուզիչ բանաձեւերով…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31