Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութցի պատանի երաժիշտը խնդրել է մրցույթում ներկայացնել ծննդավայրը

Մայիս 21,2021 13:00

Հարցազրույց «Արտպրոգրես» մշակութային հ/կ նախագահ, Էջմիածնի «Փոքրիկ քայլ» պատանի երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանի հետ:

– «Առավոտի» առաջին հանդիպումը ձեզ հետ 2019-ին էր, երբ «Փոքրիկ քայլը» առաջին անգամ անցկացրեց մրցույթ-փառատոն։ Նույն թվականին միջոցառումը մարզայինից վերաճեց հանրապետականի։ Այս տարի մայիսի 3-14-ը, դարձյալ Էջմիածնում, անցկացվեց հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնը։ Հետաքրքիր է՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ի՞նչ արձագանք ունեցավ փառատոնի մասին հայտարարությունը։

– Այս անգամ մասնակիցների թիվը 5 անգամ գերազանցեց նախորդին՝ շուրջ 1500 հայտ։ Դա խոսուն փաստ է մեր ժողովրդի ապրելու ու արարելու, ամուր կամքի, հոգու, ոգու մասին… Անվանակարգերն այս տարի ավելացել են։ Նախորդ մրցույթի 5 անվանակարգին՝ դաշնամուր, լարային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ ու ակադեմիական երգեցողություն, ավելացել է ժողովրդական, էստրադային երգեցողությունը, կոմպոզիցիան։ Ի դեպ, այս տարի ազգային նվագարաններից յուրաքանչյուրի համար՝ քանոն, դուդուկ, շվի, սանթուր եւ դհոլ, աշխատում էր առանձին ժյուրի։ Ժյուրիների կազմը իսկապես ներկայանալի էր, աշխատեցին այնպիսի երաժիշտներ, որոնց հատուկ ներկայացնելու կարիք չկա. օպերային երգչուհիներ Հասմիկ Պապյան, Հասմիկ Հացագործյան, Ռեբեկա Օջախյան, դաշնակահարներ Կարինե Օհանյան, Սերգեյ Քեչեկ, երաժշտագետ Սեդա Շեյրանյան, խմբավար Ռադիկ Մելիքյան, պաշտպանության նախարարության «Զորական» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյան եւ այլն։ Մրցույթն ավարտված է, իսկ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի սկզբին։

– Ընդհանրապես հետեւո՞ւմ եք, մտահոգվա՞ծ եք մրցույթների նախկին դափնեկիրների հետագա գործունեությամբ, ճակատագրով։

– Դափնեկիրների մասնակցությամբ անցկացրել ենք մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ Սպենդիարյանի տուն-թանգարանում, Ազգային ժողովում, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում եւ այլն։ Այս տարվա մրցանակակիրների մասնակցությամբ ցանկություն ունենք իրականացնել համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին եւ առաջին անգամ կազմակերպել վարպետության դասեր ժյուրիի անդամների ղեկավարությամբ։

– Մտադրություն չունե՞ք մեկ-երկու մրցանակակիրների ներկայացնել արտասահմանյան հարթակներում։

– Մտադրություն ունենք։ Ցանկանում ենք նրանց ներկայացնել հայաստանյան միջազգային մրցույթներում։

– Հետաքրքիր է ձեր կարծիքը Երեւանի եւ մարզերի պատանի երաժիշտների կրթական, մասնագիտական որակների մասին։

– Կարծրատիպ կա, որ համեմատելի չեն երեւանյան եւ մարզային երաժշտական դպրոցները։ Հավատացնում եմ եւ առանց չափազանցության ուզում եմ հայտարարել, որ ֆանտաստիկ պատանի երաժիշտներ ունենք Արմավիրի, Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ այլ մարզերում։ Այդ պատանիների կատարումներից նկատելի էր նրանց մանկավարժների ներդրած ջանքերը։

– Լսել ենք, որ մրցույթ-փառատոնին Արցախից ընդամենը մեկ մասնակից ունեիք, այն էլ Հադրութից։

– 10 տարեկան Արման Հայրիյանը այժմ ընտանիքով բնակվում է Երեւանում։ Նա մասնակցում էր «Ակադեմիական վոկալ» անվանակարգում։ Հայտը լրացնելիս խնդրել էր, որպեսզի թույլատրվի իրեն ներկայացնելու Հադրութի մշակույթի տունը։

– Բացի Էջմիածնի քաղաքապետարանից, այլ աջակիցներ ունե՞ր մրցույթ-փառատոնը։

– Դեռեւս մարզային մրցույթից մինչեւ այսօր մեր միակ աջակիցը եղել եւ մնում է Էջմիածնի քաղաքապետարանը՝ հանձին քաղաքապետ Դիանա Գասպարյանի։ Նշեմ, որ քաղաքապետարանի մրցույթ-փառատոնի հիմնադիրներից է եւ աջակցությունը բազմազան է՝ ֆինանսականից մինչեւ տեխնիկական։ Կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցները։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31