Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմունիկացիաները թող բացվեն, բայց «միջանցք» չունենք տալու». նոր լարվածություն, աշխարհաքաղաքական բարդ պրոցեսներ

Մայիս 21,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Իսկ ՀԱՊԿ-ն մեկ շաբաթ մտահոգված հետեւում էր Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում «իրավիճակի զարգացմանը»

Մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետեւանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն մայիսի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ «ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»։
Վերջին մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ֆոնին անորոշությունն էլ ավելի է խորանում: Նկատելի է, որ կոմունիկացիոն ապաշրջափակման համատեքստում աշխարհաքաղաքական լուրջ շահեր են բախվում, որից Ադրբեջանն, ըստ ամենայնի, որոշել է օգտվել: ՀՀ-ում ԱՄՆ-ի, Լեհաստանի դեսպանատները մայիսի 19-ին խորհուրդ տվեցին չճամփորդել դեպի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես խուսափել` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր եւ Սյունիք այցելություններից, իսկ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ ռազմական բախումների հավանականությունն առավել քան մեծ է:

Վերջին մի քանի իրադարձությունների, պաշտոնական Երեւանի հայտարարություններն էլ իրենց հերթին արդեն փաստում էին, որ կոմունիկացիոն ապաշրջափակման գործընթացներում ինչ-որ փակուղային իրավիճակ է:

«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաեւ ուժային տարբերակով։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, եւ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը», սա մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարությունն է, որով նաեւ ազդարարվեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին եւ 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը փոփոխություն չի կրել:

Դեռ մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, թե՝ «գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմ, որտեղ նախատեսվում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ ուժային լուծումներ». «Երեկ երեկոյան արձանագրվել է՝ որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ հեռանան Հայաստանի սահմանից անդին, այսինքն՝ լքեն այն տարածքները, որոնք իրենք պետք է լքեն: Ես ուզում եմ ասել, որ վերջին օրվա ընթացքում, այսինքն՝ երեկվանից մինչեւ այսօր, այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ, այսինքն՝ կան տեղեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են։ Բայց, քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, այսօր ես նաեւ նամակով դիմել եմ ՌԴ նախագահին: Այսինքն՝ երեկ չդիմելու պատճառն այն էր, որ արձանագրված էր ամենաբարձր մակարդակով, որ այսօր պետք է զորքերի դուրսբերում տեղի ունենա։ Բայց այսօր քանի որ բանակցությունների ընթացքը ցույց տվեց, որ, համենայնդեպս, այսօրվա ընթացքում պայմանավորվածությունը լիարժեք չի կատարվի, ես դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ համաձայն 1997թ. «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի», «Հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի», Ռուսաստանի Դաշնությունը այս իրավիճակում, այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը»։

Մայիսի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ՝ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում», քանի որ ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ «որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել»: «Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները եւ պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը», պարզաբանեց նա:

Այնուհետեւ, Փաշինյանը, ըստ էության, պատասխանեց Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքի» թեզին, փաստացի հայաստանյան ընդդիմությանը մեղադրելով՝ «Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ» լինելու մեջ. «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել եւ չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության եւ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որեւէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի եւ Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»: Այնուամենայնիվ, որ Փաշինյանը կարեւորեց, որ սահմանների ճշգրտման գործընթացը. «…Ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ եւ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, եւ այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաեւ, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի եւ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը ստեղծված խնդիրներին զուգահեռ գործարկել է՝ հայ-ռուսական դաշնակցային, ռազմաքաղաքական մեխանիզմները, ՀԱՊԿ-ով եւ հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ: Մայիսի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի» եւ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսելով Սյունիքում ծավալվող ճգնաժամային իրադրության շուրջ, նույնպես շեշտեց, որ հայկական կողմը ձգտում է խնդիրը լուծել քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով՝ ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների շրջանակում, սակայն չեն բացառվում նաեւ այլ սցենարներ: Նա պնդեց, որ Հայաստանը «տարածք չի զիջելու, միջանցք չի տրամադրելու», իսկ ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներից:

Ո՞ւմ է ուղղված պաշտոնական Երեւանի արձանագրումը՝ կողմ ենք կոմունիկացիոն ապաշրջափակմանը, բայց՝ «միջանցք չունենք տալու»: Ադրբեջանի՞ն, թե՞ նաեւ Ռուսաստանին…

Ստեղծվել է բարդ իրադրություն: Պաշտոնական Բաքուն կրկին՝ հայկական կողմին ներկայացնում է տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատու: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում օրերս Իլհամ Ալիեւը նախ նշել է, որ Բաքուն համաձայն է Հայաստանի հետ սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հետ: «Ջեյք Սալիվանը հաստատել է ԱՄՆ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության գործին»,- ասվում է Ալիեւի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ադրբեջանի նախագահն իր հերթին ասել է, որ Բաքուն հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գործին»: Ալիեւը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին, հակամարտության ավարտից վեց ամիս անց կայուն է, ապա համաձայնել է ԱՄՆ Սալիվանի հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում եւ ընդգծել է այդ գործընթացի անցկացման կարեւորությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության: Ապա` Ալիեւը հավելել է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը եւ այդ հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության սրմանը տարածաշրջանում»:

Ի դեպ, Ալիեւը օրերս չի բացառել «բախումներ»: Նա հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ անդամ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, տեղեկացրել էր, թե ընթանում են սահմանների ճշգրտման աշխատանքներ, եւ դժգոհել էր, որ «հայկական կողմը այդ գործընթացում ցուցաբերում է ոչ ադեկվատ արձագանք»: «Այդ կապակցությամբ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը ոչ այլ ինչ է, քան հարցի միջազգայնացման փորձ, իսկ դա միանգամայն անհիմն է: Ինչ բախումներ էլ որ սահմանին տեղի ունենան, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- ասել էր Ալիեւը:

Իսկ ինչ էր ասել Ալիեւն ուղիղ մեկ ամիս առաջ: «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը լիովին բավարարում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին, նշել էր նա Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ»։ Ապա` Ալիեւը հավելել էր. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»։

Ինչպես նկատում ենք՝ Ալիեւը հետեւողական նախապատրաստել է ադրբեջանական հարձակման պլան՝ Բաքվի վերջնական նպատակներին հասնելու համար: Հիմա կարեւոր է մեկ այլ հարց՝ ինչ դիրք է բռնել պաշտոնական Մոսկվան: Մի քանի օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը զբաղված բանակցություններով: Սակայն այդ պրոցեսում, հանկարծ, ՌԴ ԱԳՆ-ից տարածվում են հայտարարություններ, թե Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն կցուցաբերի սահմանային լարվածությունը թուլացնելու գործում, եթե այդպիսի խնդրանք լինի երկու երկրների կողմից, իսկ մայիսի 19-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, թե Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դեմարկացիայի շուրջ հարցերի քննարկման ժամանակ: «Մենք, մեր հերթին, մանրամասն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք ՌԴ-ն իրականացնում է պետության միջազգային իրավական գրանցման բացակայության պատճառով ծագած միջադեպը լուծելու համար», – տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը: «Կողմերի (Հայաստան եւ Ադրբեջան) միջեւ նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել դելիմտացիայի, դեմարկացիայի մեկնարկին ու իրականացմանը՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող էր մասնակցել որպես խորհրդատու, միջնորդ, եթե ցանկանում եք», հավելել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Հայաստանը, ՀԱՊԿ կանոնադրության երկրորդ կետին հղում անելով, օգնության համար դիմել էր կազմակերպությանը՝ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման պատճառով: Սա առաջին անգամ է ՀԱՊԿ-ի գոյության պատմության ընթացքում, երբ կազմակերպության անդամ պետությունը դիմում է երրորդ՝ ոչ անդամ պետության գործողությունների պատճառով։ Մայիսի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ավարտին ահա թե ինչ հայտնեց՝ ՀԱՊԿ-ում անհանգստացած եւ ուշադիր հետեւում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, եւ այդ հարցը եւս քննարկվել է ՀԱՊԿ-ական ԱԳ նախարարների մակարդակով: Նախանձելի օպերատիվություն՝ ինչ խոսք:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31