Լուսինե Եղիազարյանը 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ ռուս. բանասիրության ֆակուլտետում։ Ուսմանը զուգընթաց հետաքրքրված է գրաֆիկ դիզայնով։
Երբ սկսել էր առաջին քայլերն անել գրաֆիկ դիզայի ուղղությամբ, պատերազմ սկսվեց։
Ռազմական դրության ողջ ժամանակահատվածում չէր կարողանում աշխատել` եղբոր եւ ընկերների մասին էր մտածում, որոնք ծառայում էին հայոց բանակում։
«Երբ ստացա ընկերոջս մահվան լուրը, ավելի վատացավ ամեն ինչ, ոչինչ չէի կարողանում անել, հետո հասկացա, որ պետք է ինչ-որ կերպ իր ընտանիքին օգնեմ»,-ասաց նա։ Լուսինեն պատրաստեց գրքույկ, այն բոլոր նկարներով, խոսքերով եւ հիշողություններով, որոնց մասին տեղյակ չէին ընկերոջ ընտանիքի անդամները։ Դա նրանց փոքր ժպիտի առիթը դարձավ։ «Բացի իմ մոտ ընկերոջից, մնացած բոլորի համար էլ ցանկացա պատրաստել, քանի որ նրանք իրենց կյանքն են տվել հանուն մեզ»,-ասում է Լուսինեն։
Կարդացեք նաև
Սկզբնական շրջանում նա իր աշխատանքի միջոցով ստացած գումարով էր կազմում գրքույկները, ապա պատվերները շատացան, եւ սկսեց մտածել հովանավորի մասին. «Մի օր facebook սոցիալական հարթակում հանդիպեցի «Արտադրված է Հայաստանում» էջի, որի հեղինակը հայ է ու ապրում է Դանիայում։ Գրեցի եւ խնդրեցի, որ իմ աշխատանքները տեղադրի իր էջում, քանի որ հայկական արտադրանք են»։
Էջի հեղինակն իմանալով Լուսինեի նախաձեռնության մասին՝ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։
«Արդեն պատվերների քանակը բավականին մեծ է, եւ ես մեծ սիրով ու ուրախությամբ եմ պատրաստում, քանի որ մեր անմահների ծնողներն ամենից շատ ունեն մեր ուշադրության եւ հոգատարության կարիքը»,-ասում է Լուսինեն։
Զառա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2021